Դատական համակարգում չկա որևէ տրամաբանություն, առաջանում են իրավական վթարներ. դատարանները մի բան որոշում, մեկ այլ բան անում են. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիրքորոշում կհայտնի, երբ այն կբերվի ԱԺ օրակարգ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և նրա մերձավոր շրջանակին ներկայացվող մեղադրանքներին, ըստ պատգամավորի՝ մտահոգիչ է, թե ինչու է կոռուպցիոն հետաքննությամբ զբաղվում ԱԱԾ-ն, ոչ թե ՀՔԾ-ն կամ Քննչական կոմիտեն. «Ազգային անվտանգության ի՞նչ խնդիր կա այստեղ: Եթե կա հանցանքի կասկած, թող քննի Հատուկ քննչական ծառայությունը»:
Պատգամավորի պնդմամբ՝ ցանկացած գործընթաց՝ ՍԴ նախագահի, թե հասարակ քաղաքացու շուրջ, պետք է տեղավորվի Սահմանադրության և օրենքների շրջանակում. «Եթե տեսնենք՝ իրավիճակը սրվում է, դուրս է գալիս իրավական դաշտից, կանդրադառնանք դրան: Այո՛, այսօր ամեն ինչ կենտրոնացել է մեկ անձի՝ Հրայր Թովմասյանի շուրջ»:
Կարեն Սիմոնյանի կարծիքով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, այժմ կալանավորված Արսեն Բաբայանի գործում կան իրավական թերացումներ, և քննչական մարմինները վերազանցում են իրենց լիազորությունները. «Մարդուն զրկում են ոչ միայն ազատությունից, այլև տեղեկատվություն ստանալու և մերձավորներին հանդիպելու հնարավորությունից: Արսեն Բաբայանի դեպքում քննիչի գործողություններն արդարացված չեն»:
«Մենք դատական համակարգում լուրջ խնդիր ունենք, բարեփոխումների կարիք կա: Դատական համակարգը չունի որևէ տրամաբանություն, առաջանում են իրավական վթարներ, դատարանները մի բան որոշում, մեկ այլ բան անում են»,- ասել է Կարեն Սիմոնյանը՝ հավելելով, թե չի բացառում, որ գործադիր իշխանությունը միջամտի դատարանների գործերին:
Պատգամավորի կարծիքով՝ նախկինում դատարանի նկատմամբ ճնշում գործադրելը տևում էր ընդամենը մի քանի րոպե, մեկ զանգի հարց էր. «Այսօր դատական համակարգը կարող է պատասխանել գործադիրի հնարավոր ճնշումներին, առկա է զսպումների համակարգը»:
Կարեն Սիմոնյանի պնդմամբ՝ քրեական գործերը պետք է կա՛մ մեղադրանքով ուղարկվեն դատարան, կա՛մ կասեցվեն. «Օրինակ, Մանվել Գրիգորյանի դատավարության գործով կա դանդաղկոտություն: Բացի այդ, ինչո՞ւ ձերբակալված չեն նախկին կոռուպցիոներները, օրինակ՝ Հյուսիս-Հարավի գործով»:
Պատգամավորի կարծիքով՝ ԼՀԿ-ի և ՔՊ-ի հայացքները հաճախ տարբեր հարցերում համընկնում են, քանի որ նրանք ժամանակին միասին են պայքարել ՀՀԿ-ի ռեժիմի դեմ:
Դավիթ Սարգսյան










