Բարի սրտով մարդը. սերբ տղամարդը հոգ է տանում 750 շների մասին (լուսանկարներ, տեսանյութեր)

09:30 • 02.11.19

Երբ 2008 թվականին Սաշա Պեսիչը փրկեց լքված շների ձագերի, նա անգամ պատկերացում չէր կարող ունենալ, որ մեկ տասնամյակ անց կարող էր արդեն փրկած լինել մոտ 1200 շան կյանք և ավելին` հոգ տանել դրանցից 750-ի մասին, գրում է odditycentral.com-ը:

Սերբիայի բնակիչ Սաշա Պեսիչը հայտնի է դարձել 2015 թվականին, երբ իր մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա կամրջից ցած է իջնում` փրկելու ափ նետված շանը, արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում` միայն «Ֆեյսբուք»-ում գրանցելով 63 միլիոնից ավելի դիտում: Նախքան այդ տեսահոլովակը ոչ ոք չգիտեր, թե ով է նա և քանի շուն ուներ իր խնամակալության տակ:

Ավելի քան մեկ տասնամյակ առաջ մի քանի լքված ձագերի կյանք փրկելուց հետո Պեսիչն իր կյանքը նվիրել է լքված շներին իր խնամքի տակ առնելուն: 

Սերբիայի Նիշ քաղաքի փողոցներից նա հավաքել է 1200 շուն, որոնցից ավելի քան 400-ին որդեգրել են մարդիկ` աշխարհի տարբեր ծայրերից, իսկ ավելի քան 750-ին նա ինքն է վերցրել իր խնամակալության տակ  և այժմ աջակցության կարիք ունի:

Տղամարդու խոսքով` 750 շան համար ամսվա կտրվածքով նախատեսված սնունդն արժե մոտ 10 000 եվրո` (11 150 դոլար)՝ չհաշված անասնաբուժական խնամքի, վճարովի աշխատողների և ժամանակավոր կացարանի պահպանման համար ծախսվող գումարը:

Երբեմն որոշ մարդիկ շներ են թողնում իր տան մոտակայքում` վստահ լինելով, որ Սաշան չի թողնի, որ նրանք սովամահ լինեն:

«Մարդիկ հաճախ գալիս են ապաստարան՝ անցանկալի շներին թողնելու, բայց հազվադեպ է պատահում, որ գան պարզապես նրանց շոյելու, սիրելու համար: Շներն էլ կենդանի արարածներ են, և նրանց նկատմամբ պետք է ավելի լավ վերաբերմունք ցուցաբերել»,- ասել է նա:

Տղամարդու խոսքով`նա բազմիցս օգնություն է խնդրել և մշտապես դրա կարիքն է ունեցել, բայց մարդիկ իրեն պարզապես չեն լսում:

Բարեբախտաբար, կենդանիների սիրահարը Սերբիայից դուրս է աջակցություն գտել: Աշխարհի տարբեր ծայրերից ամեն ամիս շատ մարդիկ նվիրատվություններ են կատարում, ինչպես նաև օգնում են մշտական կացարան գտնել շների համար:

Սաշան պնդում է, որ շներից յուրաքանչյուրին անունով գիտի, սիրում է հոգ տանել նրանց մասին և օգնել նրանց մոռանալ լքված լինելու մասին:

Սաշա Պեսիչը դեռ իր երազանքն ի կատար ածելուց շատ հեռու է, բայց տասնամյակ տևած պայքարից հետո նրան հաջողվել է վաստակել աշխարհով մեկ հազարավոր մարդկանց հիացմունքն ու ամենակարևորը` այս ընթացքում իր կողմից փրկված շների երախտագիտությունն ու սերը:

 

Շան փրկության գործողությունը՝

 

 

 

 

 

 

Բարի սրտով մարդը. սերբ տղամարդը հոգ է տանում 750 շների մասին (լուսանկարներ, տեսանյութեր)