Հրապարակին հարակից տարածքում ԿԳՄՍՆ դրամաշնորհով կազմակերպված «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը բախումներով է ուղեկցվել (տեսանյութ)
Այսօր Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում տեղի է ունեցել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, ինչը, սակայն ուղեկցվել է բախումներով:
Ավելի վաղ միջոցառման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը:
Տեղեկացնելով այսօր կայանալիք միջոցառման մասին` Խաչունցը նշել էր, որ այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով, Երևանի քաղաքապետարանի և մետրոպոլիտենի թույլտվությամբ:
«1920-ականների պոեզիա (Եղիշե Չարենց, Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի) +ժամանակակից պոեզիա (Լիլիթ Պետրոսյան), վերոնշյալի ռիթմիկ-էքսպերիմենտալ վերընթերցում (Լիլիթ Պետրոսյան), ռիթմ ու կանացի ագրեսսիա ու մարմնի ազատագրում»,-գրել էր նա ու կոչ արել դա չխառնել սատանիզմի հետ:
Միջոցառման վայրում հավաքված ու դրան դեմ արտահայտվող երիտասարդների խումբը շարունակել է վանկարկել «ամոթ, ամոթ», իսկ նրանցից մեկը փորձել է «զելյոնկա» լցնել մասնակիցներից մեկի վրա:
Ոստիկանությունը պարբերաբար միջամտել է` փորձելով կանխել բախումը, կա բերման ենթարկված:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր հերթին հրապարակել էր միջոցառումից մի հատված, որտեղ երևում էր, թե ինչպես է երիտասարդը փորձում «զելյոնկան» լցնել Հասմիկ Խաչունցի վրա:
Թեհմինա Վարդանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Արդյո՞ք սա 57 հոգանոց ավագանու «Իմ Քայլը» խմբակցության դե ֆակտո առաջին դեմք Հասմիկ Խաչունցն է, թե՞ սխալվում եմ։ Հատված է այսօրվա Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում իրականացվող, մեղմ ասած, անհայտ ծագման «բեմադրությունից»։ Կարծում եմ, շատերն են հասկանում՝ ինչին էր միտված այն, և արդեն հասկանալի է՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը թույլտվություն տվել այս ամենին։ Երևի կրթությունս կամ դաստիարակությունս չեն ներում հասկանալ սա ի՞նչ ծես է, ի՞նչի ազդեցության տակ են կամ ի՞նչ ոռնոցներ են։ Ի՞նչ մեսսիջ է այն իր մեջ պարունակում։
Անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս։
Հ․ Գ․ Ամբողջական տեսանյութը չեմ տեղադրում, որովհետև այն իրապես նողկալի է»։
Ըստ կազմակերպիչների՝ «Հուզանք ու զանգը» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երեւանում գտնվող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։ Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։










