ՀՅԴ երիտասարդներն ու ուսանողները դիմում են ԼՀԿ և ԲՀԿ պատգամավորներին՝ հորդորելով անվստահություն հայտնել Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)
ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության հանրահավաքին նախաձեռնության մասնակիցները նախ ամփոփեցին տեղի ունեցած իրադարձությունները, ապա կոչով հանդես եկան` դիմելով ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի նրանք օրենքով սահմանված ընթացակարգով անվստահություն հայտնեն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
Մասնակիցներից Արգիշտի Գևորգյանը, ամփոփելով տեղի ունեցածը նշեց, որ հասել են մի տեղ, երբ մեկնարկել է լուրջ շրջան: «Մեր անելիքները դեռ առջևում են, այսօրվա մամուլից տեղեկանում ենք, որ իշխանությունները թուլացրել են իրենց դիրքերը և ցանկանում են գնալ բանակցությունների և պատրաստ են այժմ խոսել և հասկանալ իրավիճակը: Սա առաջին անգամն է, երբ իշխանությունները խոսեցին խոսելու մասին, մինչ այդ նրանց կողմից վիրավորանքներ ու զրպարտություններ են եղել»,- ասաց նա:
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողներից Գևորգ Գյուլումյանը նշեց, որ պայքարում են ԿԳՄՍ նախարարության հայահալած քաղաքականության դեմ: «Պայքարում ենք հայոց լեզուն բուհերից դուրս մղելու դեմ, այդ պատճառով ենք միացել ՀՅԴ սկսած այս ակցիային: Ուսանողներով հստակ առաջադրել ենք մեր պայմանները, որով Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, այստեղ ծայրահեղություն չկա: Հիմա հայագիտությունը գտնվում է վատ վիճակում և Արայիկ Հարությունյանը խնդիրը լուծելու փոխարեն, ընդունել է շրջանցելու քաղաքականությունը, որը թույլ չենք տալու»,- ասաց նա:
ՀՅԴ ՀԵՄ վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն էլ կոչով դիմեց ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ: «Արայիկ Հարությունյանը տապալել է օրենքով իր պարտականությունները: Մեր շատ հայրենակիցներ միացել են մեր պահանջին, հանրությունը միասնական է այս գործում: Սակայն հանրության այդ տրամադրությունները, կարծես, չեն փոխանցվում ԱԺ պատգամավորներին, ովքեր պետք է կոչված լինեին արտահայտելու ժողովրդի տրամադրությունները, մանդատը դրա համար են ստացել, ուստի հղում անելով ՀՀ Սահմանադրության հոդվածներին՝ դիմում ենք ԼՀԿ, ԲՀԿ գործընկերներին, գործուն քայլեր ձեռնարկել այս հարցը օրենքով լուծելու և օրենքով ընձեռված ընթացակարգով, պարոն Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու»,- ասաց նա:
Քրիստինե Վարդանյանը նաև նշեց, որ դիմումի գրավոր տարբերակը կհրապարակեն և կտրամադրեն խմբակցություններին: Նա նաև տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 11-ին, հավաքվելու են կառավարության շենքի մոտ նույն պահանջով:
Հիշեցնենք, որ պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
Հիշեցնենք նաև, որ նախազգուշական գործադուլ են սկսել նաև ԵՊՀ դասախոսներից շատերը։ Նրանք նշում են, որ չեն պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, սակայն դեմ են ԿԳՄՍՆ այն օրինագծին, որով «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դառնում են ոչ պարտադիր։










