«1915թ.-ի դեպքերի պատասխանը պետք է տան ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները». Էրդողանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշման մասին

10:12 • 14.11.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ստվեր է գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

«Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերը ստվեր են գցում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա և դժկամությամբ են ընդունվում մեր ժողովրդի կողմից»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հերթական անգամ նշել է, որ «104 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատասխանն ու լուծումները պետք է տան պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»՝ ավելացնելով, որ Թուրքիան բացել է բոլոր արխիվները, և ցանկացողները կարող են գալ և ուսումնասիրել դրանք:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել: Նույն օրը Ներկայացուցիչների պալատն ընդունել է նաև Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևը: