Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել. Նիկոլ Փաշինյանը՝ 2020-ի բյուջեի մասին (տեսանյութ)

17:53 • 15.11.19

Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում վարչապետը նշեց, որ ցանկանում է անդրադառնալ օդից կախված երկու հարցադրման: Ըստ վարչապետի՝ այդ հարցադրումներն են՝ արդյո՞ք 2020 թվականի բյուջեն հեղափոխական է և երկրորդը՝ ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում:

«2018-ին հեղափոխության շրջանում, երբ ես դեռ ՀՀ վարչապետ չէի հրապարակային հայտարարել եմ՝ մեկ-երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն կարող է և պետք է ավելանա 30-35-ով: 2020 թվականի պետական բյուջեում եկամտային մասը 2018 թվականի համեմատ գերազանցում է 27.4%-ով, եթե սրան գումարենք նաև 2018-ի ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները` 62 մլրդ, ուրեմն բյուջեի աճը կազմում է  33%: Իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում պարտադիր կենսաթոշակի արդյունքում, ապա աճը կազմում է 35%»,- ներկայացրեց վարչապետը:

Նրա խոսքով՝ սա ուղիղ պատասխանն է այն հարցի՝ արդյոք այս բյուջեն հեղափոխական է: «Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, որը ոչ  թե նախընտրական, այլ նախահեղափոխական խոստում էր, որը հնչեցրել եմ»,- ասաց նա:

Վարչապետը շարունակեց ներկայացնել, թե հեղափոխական ուրիշ ինչ ցուցանիշներ կան 2020 թվականի բյուջեի նախագծով: «2020 թվականին նախատեսված կապիտալ ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել են 135.1%. այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել: Ընդ որում, տեմպի առումով կարևոր է արձանագրել մի բան. մեր միջին վիճակագրական եկամտային աճը նախկինում՝ հեղափոխությունից առաջ 7% է եղել: Մենք այս տեմպը կրկնապատկել ենք: Հիմա մեր միջին վիճակագրական եկամտային աճը կազմում է 14%՝ 7%-ի փոխարեն, բա հեղափոխությունը պոզով պոչո՞վ է լինում»,- ասաց նա:



Վարչապետը նշեց, որ ճանապարհների կառուցման վերանորոգման, հիմնանորոգման համար 2020-ի բյուջեով նախատեսվում է այնքան գումար, որքան 2015, 2016, 2017 թվականների բյուջեով միասին վերցրած. «Բա հեղափոխությունը ուրիշ ո՞նց է լինում: Բնակարանային շինարարության, կոմունալ ծառայությունների բնագավառում նախատեսվում է աճը 2018-ի ցուցանիշի նկատմամբ 120%: Շատ տեղերո՞ւմ եք պատմության մեջ տեսել, որ աշխարհում խոսեն 100, 125, 110 տոկոսի մասին, բա հեղափոխությունը ո՞նց է լինում ուրիշ ձև: Առողջապահության ոլորտի ծախսերը 2018 թվականի նակատմամբ աճել է 39.5%-ով: Կրթությանն ուղղած ծախսերը աճել են 30%-ով, Աշխատանքի և սոցիալական ոլորտում սոցիալական կենսաթոշակներ և նպաստներ հոդվածով ծախսը 2018-ի նկատմամբ աճել է 74 մլրդ դրամով, սոցիալական բլոկի ծախսերը 21%-ի աճ են ունեցել»,- ասաց նա:

Շարունակելով ցուցանիշներ ներկայացնել՝ Փաշինյանն ասաց, որ պաշտպանության ծախսերն ավելացել են 28%-ով, շրջակա միջավայրի նախարարության ծախսերը՝  41%, պետական պարտք–ՀՆԱ ցուցանիշը 2020-ին կկազմի 52.2%, 2017-ի՝ 58.9%-ի փոխարեն: «Ես ուզում եմ արձանագրել, որ այսօրվա դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա»,- շեշտեց նա:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 4.9% տնտեսական աճին, ասաց. «Մի քիչ ցածր են դնում ցուցանիշը, բայց բարձր ենք թռնում»: Ապա հնչեցրեց հաջորդ հարցադրումը. «Հիմա հարց՝ էս ամեն ինչը փոխո՞ւմ է մարդկանց կյանքը, թե՞ ոչ»:

Վարչապետը նշեց, թե մարդու կյանքում դրական փոփոխություններ են լինելու` հիվանդանոցներում չեն ասելու` գնացեք, որովհետև պետպատվերի գումարը վերջացել է, մինչև 18 տարեկանների` անվճար բուժօգնություն, ուսուցչի, զինվորականների աշխատավարձերի ավելացում, բանակում զինվորականների սննդի համակարգի փոփոխություն, որի արդյունքում ավելանում է երկրի մարտունակությունը:

Նկատի ունենալով այդ հարցը քննադատաբար տվողներին, որոնք, ըստ Փաշինյանի, օրումեջ ասում են` բա երբ է փոխվելու մարդու կյանքը, ասաց. «Մարդ ասելով ո՞ւմ նկատի ունեն ոմանք. այդպես ասողների կյանքը սրանից հետո միայն վատանալու է, ուրիշ բանի հույս հանկարծ չունենան»: