Փաշինյանն անընդհատ խոսում է թալանի 20 տարիների մասին, մինչդեռ պետք էր սկսել 1991-ից. հատվածական գնահատական տալը շատ ավելի վտանգավոր է. Արամ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանի երեք նախագահների կառավարման տարիների քաղաքական, իրավական և բարոյական գնահատականը տրված չէ. իշխանությունը պետք է վերլուծի անցյալը, լսի հանրության կարծիքը և կարմիր գիծ քաշի: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Հատվածական գնահատական տալը շատ ավելի վտանգավոր է, դրանում կարող են լինել վրեժխնդրության տարրեր: Պետք է տալ ամբողջական քաղաքական գնահատական»:
Ըստ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ պատճառներով մոռացել է Հայաստանի անկախության առաջին յոթ տարիները և անընդհատ խոսում է 20 տարվա մասին, մինչդեռ պետք էր սկսել 1991 թ.-ից. «Երեք նախագահներին գնահատական տալու դեպքում իշխանությունը պարտավորված կլիներ չկրկնելու նույն սխալները: Այսօրվա իշխանությունը խոսում է սիրո և հանդուրժողականության մասին, բայց դարձել է ամենաանհանդուրժողը: Կարծում էին՝ եկել են իշխանության, ուրեմն անթերի են: Իշխանությունը չպետք է որոշի, թե ով պիտի լինի իր ընդդիմությունը»:
Արամ Սարգսյանի համար հասկանալի չէ, թե ինչու են քաղաքական ուժերը քննադատում ընդդիմախոսներին արտերկրում՝ լինի Նիկոլ Փաշինյանը, թե Սերժ Սարգսյանը. «Եթե բան ունես ասելու, այստեղ պիտի ասես: Փաշինյանն ու Սարգսյանը նույն սխալն արեցին: Անհասկանալի էր, թե ինչու Սերժ Սարգսյանը Զագրեբում բարձրացավ ամբիոն և խոսեց այն ամենի մասին, ինչն իր մեղքով է ձևավորվել»:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ երեք նախագահներից որևէ մեկը ժողովրդից ներողություն չի խնդրել սեփական տապալումների և ձախողումների համար. «Նույնիսկ Ելցինը, ինչպես էլ նրան վերաբերվենք, ներողություն խնդրեց ժողովրդից: Այսօր վարչապետի ամեն մի խոսք ազդում է պետության վարկանիշի վրա՝ կա՛մ բարձրացնում, կա՛մ իջեցնում այն: Այսօրվա իշխանությունները պետք է հասկանան՝ ինչի մասին և ինչպես են խոսում: Առարկան չիմանալով՝ նրանք դատողություններ են անում»:
Արամ Սարգսյանի պնդմամբ՝ պետական քաղաքականության հիմքում պետք է լինի արդարության և հատկապես սոցիալական արդարության սկզբունքը. «Դեռևս ոչինչ չարած երիտասարդ նախարարի աշխատավարձը բարձրացնում են այնքան, որ ուսուցչի աշխատավարձի հետ տարբերությունը կազմում է 15 անգամ: Ստացվում է՝ բևեռացումն է ավելացվում: Այդպիսի ցածր աշխատավարձ ստացող մասնագետը, ուսուցիչը չի գնա դպրոց»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով. «Մենք ամեն րոպե պետք է հետևենք տարածաշրջանային զարգացումներին և պատրաստ լինենք դրանց: Հույս ունենալ, թե ամեն ինչ լավ է լինելու, մանկամիտ մոտեցում է: Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, և իրավիճակը կարող է փոխվել կայծակնային արագությամբ»:
Դավիթ Սարգսյան










