Հրավիրում ենք Արայիկ Հարությունյանին մեր պահանջների շուրջ քննարկման, հուսով ենք` նա կգա. ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդները դադարեցրել են նստացույցը (տեսանյութ)

19:43 • 22.11.19

 ԿԳՄՍ նախարարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի նախաձեռնող խմբի անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով:

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը շեշտեց, որ իրենց կողմից նախարարի հրաժարականը պայմանավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից անցնող մեկուկես տարում վարվող քաղաքականության պատճառով. «Հիմնական խնդիրներին անդրադարձ չի կատարվում, լուծումներ չի փնտրվում, և այդ ֆոնին օրակարգ է բերվում կոսմետիկ փոփոխություններ, որոնք վերածվել են, կարծեք, հայագիտական բլոկի դեմ արշավի, և այն ֆինանսավորումները, որոնք մեզ համար նպատակային առումով կասկածելի են»:

Նրանք ևս մեկ անգամ կոչ արեցին խորհրդարանական ընդդիմությանը արտահայտել ժողովրդի լայն զանգվածների շահերը և զբաղվել նրանով, ինչով իրենք կոչված են զբաղվելու՝ լինելով պատգամավոր, այն է՝ բարձրացնել բնակչությանը հուզող հարցերը երկրի թիվ մեկ ամբիոնից:

«Մեր պահանջն է, որ ԿԳՄՍ նախարարը հրապարակի իր քաղաքականությունը կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ոլորտներում և այն առաջնահերթությունները, որով ինքն առաջնորդվում է այս ոլորտում որևէ քայլ անելիս»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

Նա նշեց, որ հիմա Արայիկ Հարությունյանը երկրում չէ, վերադարձից հետո պատրաստվում են հրավիրել նրան քննարկման: «Պատրաստ ենք ունենալ հրապարակային հանդիպում-քննարկում պարոն Արայիկ Հարությունյանի հետ՝ մեր պահանջների շուրջ»,- նշեց նա և հավելեց. «Պրոֆեսորադասական անձնակազմի հետ իրենց կազմակերպած քննարկումն այդքան էլ քննարկում չէր հիշեցնում: Այս օրերի ընթաքում մենք առիթ ունեցանք կառուցողական քննարկումների փորձ դիզելու և այդ փորձը մեզ կօգնի Արայիկ Հարությունյանի հետ ավելի կառուցողական քննարկում ունենալ, քան նրա և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ եղած քննարկումը»:

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն էլ հավելեց, որ մինչև այսօր նախարար Արայիկ Հարությունյանը չի ասել, թե հետ են կանգնում իրենց վարած քաղաքականությունից: «Այս ամենի շուրջ մենք այստեղ կհրավիրենք Արայիկ Հարությունյանին,  կարծում ենք, որ Արայիկ Հարությունյանը կգա, կհանդիպի, և բոլոր հարցերին պատասխան կտա»,- ասաց նա:

Վերջում  նրանք հավելեցին, որ երկուշաբթի օրվանից էլ չեն լինի ԿԳՄՍ դիմաց, սակայն հրաժարականի պահանջն ուժի մեջ է, հրավիրում են Հարությունյանին քննարկման: