Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիայում արած հայտարարությունները պարունակում են միջազգային սկանդալի տարրեր. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

22:10 • 22.11.19

Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանն ու ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիայի հանրապետություն պաշտոնական այցին, այնտեղ հնչեցրած հայտարարություններին:

ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ցավով նշում է, որ Նիկոլ Փաշինյանից ամեն օր նոր անակնկալներ կարելի է սպասել՝ հայտարարությունների տեսքով, որն ընդհանրապես զվարճալի չէ, քանի որ մենք գործ ունենք երկրի առաջին դեմքի հետ. «Ես հույս ունեի, որ Հայաստանի սահմաններից դուրս Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններում այլ բառապաշար կօգտագործի»:

Գալստյանի դիտարկմամբ՝ Իտալիայում Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները՝ Վատիկանի «պադվալներում» թաքնված կոռուպցիոներների մասին, միջազգային սկանդալի տարրեր են պարունակում:

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները որակում է «դաժան»:

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հնարավորություն ունի նման հայտարարություններ անելու, քանի որ ՀՅԴ-ն ևս իր մեղավորությունն ունի, որ հիմա Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի վարչապետը, և ՀՅԴ-ն է նաև օժանդակել, որպեսզի նա գա այդ պաշտոնին, ինչին չհամաձայնվեց ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն՝ ասելով, որ այս հարցում մեղավորությունը միայն ՀՅԴ-ինը  չէ, քանի որ կար մարդկանց մի մեծ զանգված, ովքեր հույս ունեին առավել արդար երկիր ունենալու:

Խոսելով Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածած հայտարարության մասին, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանն իրար հետ շփում չեն ունեցել, Նարեկ Մալյանն ասել է, որ անձամբ է այդ հարցը տվել Սերժ Սարգսյանին և ստացել կատեգորիկ պատասխան, որի համաձայն՝ նա կապ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաստը մնում է փաստ, որ Սերժ Սարգսյանը երեք քայլ արեց՝ բանակցություն, ձերբակալություն և հրաժարական, որոնցից հետո Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցույցերը դարձան շարժում»:

Լիլիթ Գալստյանի դիտարկամամբ՝ Նիկոլ Փաշինյանը տպավորություն է ստեղծում, թե երեք նախագահներն իսկական չարիք են եղել երկրի համար, որով սնում են ժողովրդին:

Հաղորդման վերջում, խոսելով «Մարտի 1»-ի վերաբերյալ քրգործի դատավարությունից ու դատաիրավական համակարգում տիրող իրավիճակից՝ Մալյանը նախ հիշել է, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը «Մարտի 1»-ի գործն անվանեց կրկես,  ե հետո նշել՝ կրկես պահելը հեշտ չէ: