ՀՖՖ-ում հրաժարականների շարքը համալրման կարիք ունի, ֆիլտրացիա պետք է լինի՝ ամենանեղ մաղով, իսկ ՀՖՖ նոր նախագահի հարցում կարևոր է՝ ովքեր են ընտրելու թեկնածուներին. Խորեն Քալաշյան

20:48 • 22.11.19

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականների շարքը համալրման կարիք ունի, իսկ հայկական ֆուտբոլի առողջացման համար հարկավոր է լայն հանրային քննարկումներ սկսել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլային գործակալ, Legal Sport գործակալության համահիմնադիր Խորեն Քալաշյանը: «ՀՖՖ ժողովի անդամ հասարակական կազմակերպությունների ֆիլտրացիա պետք է լինի՝ ամենանեղ մաղով»,- ասաց Խորեն Քալաշյանը:

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ դեկտեմբերի 23-ին ընտրվելու է նոր գործկոմ և ՀՖՖ նախագահ: Ձեր կարծիքով՝ ճի՞շտ էին այս որոշումները, հնարավո՞ր կլինի առողջացնել հայկական ֆուտբոլը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ առողջացումը:

- Մենք դեռ մի քանի օր առաջ ենք ներկայացրել մեր դիրքորոշումը։ Այո, ուրիշ տարբերակ չկար, բայց հրաժարականների շարքը համալրման կարիք ունի։ Առողջացման համար էլ հարկավոր են լայն հանրային քննարկումներ սկսել:

– Ո՞ւմ եք տեսնում ՀՖՖ նախագահի պաշտոնում:

- Ավելի կարևոր է հասկանալ, թե ովքեր են ընտրելու թեկնածուներին:

– Ի՞նչ եք կարծում, ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների պաշտոնում պետք է քաղաքական դեմքեր լինեն՝ ինչպես ֆեդերացիայի ներկա և նախկին անձնակազմի դեպքում էր: Ովքե՞ր պետք է լինեն գործկոմում:

- Հանրային քննարկումների միջոցով կհասկանանք:

– Ռուբեն Հայրապետյանը երկար ժամանակ չէր հեռանում ֆուտբոլից՝ նշելով, որ պայքարում է պայմանավորված խաղերի դեմ: ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռանալու ժամանակ նա հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի օրոք պայմանավորված խաղեր չեն լինի Հայաստանի առաջնությունում: Հիմա՝ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո այդպիսի վտանգ տեսնո՞ւմ եք:

- Քրեական գործեր կան հարուցված հենց Վանեցյանի օրոք, ինչի մասին է խոսքը:

- Վերջին ամիսներին ֆեդերացիայի շուրջ ընթացող զարգացումները, Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ներքին հակասությունները, ըստ Ձեզ՝ կարո՞ղ է Հայաստանի հավաքականի՝ 1:9 հաշվով պարտության պատճառներից մեկը լինել:

- Ֆուտբոլում մանրուքներ չկան, իսկ վատ մթնոլորտը իր բացասական ազդեցությունը միշտ է թողնում:

- «Առաջին Հայկական Ճակատ» ֆանակումբի պահանջներից մեկն է, որ ՀՖՖ ժողովի անդամ հասարակական կազմակերպությունների ֆիլտրացիա լինի: Դուք այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք:

- Ֆիլտրացիա՝ ամենանեղ մաղով:

- ՀՖՖ ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն օրերս գրառում էր արել, որը քննադատությունների արժանացավ: Նրա կարծիքով՝ պետք է Հենրիխ Մխիթարյանին ավագի թևկապից զրկել, քանի որ նա նվիրված չէ հավաքականին: Ինչպես կմեկնաբանե՞ք:

- Մեսրոպ Առաքելյանը միանգամից մի քանի պաշտոն է զբաղեցնում։ Հնարավոր է, որ նրան, որպես շարքային երկրպագուի, զայրացրել էր այն, որ Հենրիխ Մխիթարյանը նույնիսկ թիմին չէր այցելել: