Ավստրիայում գողացել են 20 տոննա շոկոլադ` 50 հազար եվրո արժողությամբ

23:00 • 22.11.19

Ավստրիայում խաբեբան խաբեությամբ ստիպել է Milka շոկոլադ արտադրող ընկերությանն իրեն հանձնել 50 հազար եվրո արժողությամբ 20 տոննա շոկոլադով բեռնված բեռնատար, հայտնում է L'Obs-ը:

Շոկոլադի արտադրության գործարանը տեղական ընկերությանը խնդրել է Ավստրիայից Milka-ի արտադրանքը տեղափոխել Բելգիա։  Ավստրիական ընկերությունը պայմանագիր է փոխանցել հունգարական տրանսպորտային ընկերությանը, որն այնուհետև վարձել է չեխ կապալառուին՝ գործարքը կատարելու համար։

Երբ չեխական բեռնատարը ժամանել է Ավստրիայի Բլուդենց քաղաքի գործարան, գործարանի աշխատողներն առանց կասկածների բեռնատարը շոկոլադներով են բարձել։

Աղբյուրը գրում է, որ չեխ բեռնատարի վարորդը կեղծ փաստաթղթեր է օգտագործել իր խաբեությունը իրագործելու համար․ և՛ բեռնատարը, և՛ վարորդն անհետացել են։