ՀՀ-ում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն ավելացել է. դա նաև Կառավարության կողմից ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելու հետևանք է. Սերգեյ Ղահրամանյան (տեսանյութ)
Վերջին տարիներին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվն ավելացել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:
Նրա խոսքով` դա պայմանավորված է մի շարք գործոններով:
«Պատճառներից մի մասը հասարակության մոտ դեռևս նախորդ տարի եղած դեպքերի հետևանքով սկիզբ առած մի շարք ենթագիտակցական փոփոխություններն են, մի մասը` անուշադրությունը, մի մասը` ծանրաբեռնվածությունը, նաև` պետության Կառավարության կողմից ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելը»,-ասաց Ղահրամանյանը` նշելով, թե վթարների հիմնական պատճառ են խմածության բարձր աստիճանը, մեծ արագությունն ու ավտոմեքենաների` հանդիպակաց երթուղի դուրս գալը:
«Հանդիպակաց երթուղի դուրս գալու հետևանքով զոհերի թիվը վերջին երկու տարում աճ է գրանցել»,-հավելեց նա` նշելով, դա նաև ոստիկանների թվաքանակի չավելացման հետևանք է:
«Ավտոմեքենաների քանակն անընդհատ ավելանում է, բայց ոստիկանության կարգախմբերի քանակը 2006 թ. որևէ փոփոխության չի ենթարկվել»,-ասաց «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավարը` ընդգծելով, որ մաև մտածելակերպի հարց կա` վարորդներն սպասում են, որ իրենց «գլխին կանգնեն», որ հետևեն երթևեկության կանոններին:
Նա նշեց, որ թեև հստակ թվեր չեն հրապարակվում, բայց այս պահին ՀՀ-ում կա շուրջ 600 000 ավտոտրանսպորտային միջոց, որից մոտ 400 000-ը շահագործվում է Երևանում: «Դա ահռելի թիվ է, իսկ եթե հաշվի առնենք նաև, որ վերջին տարիներին Երևանում որևէ նոր փողոց չի կառուցվել` բացառությամբ Մոնթե Մելքոնյանի պողոտայից, իսկ դրա արդյունավետությունն այս պահին շատ ցածր է»,-ասաց Ղահրամանյանը:
Մի դրական բան, այնուամենայնիվ, ըստ փորձագետի, կա` Երևանում նվազել է ՃՏՊ-ից զոհերի թիվը, քանի որ խցանումների պատճառով քաղաքի կենտրոնում ավտոմեքենաների միջին արագությունը չի գերազանցում 30 կմ/ժ-ը. որքան շատ է ավտոմեքենաների խտությունը, այնքան նվազում է արագությունը. «Ի տարբերություն Երևանի` մարզային ճանապարհներին, խտության նվազման պատճառով, մեծանում է արագությունը»,-ասաց փորձագետը:
Մանրամասները` տեսանյութում:










