Իրաքի պաշտպանության նախարարը երկքաղաքացիություն ունի. նա Ստոկհոլմում գրանցված է այլ անվանումով և նույնիսկ կանգնել է դատարանի առաջ. SVT

03:40 • 23.11.19

Իրաքի պաշտպանության նախարար Նաջահ աշ-Շամարին Շվեդիայի քաղաքացի է, թեև ըստ իրաքյան սահմանադրության` բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց չի թույլատրվում երկքաղաքացիություն ունենալ: Այս մասին հայտնում է SVT հեռուստաալիքը` հղում անելով Շվեդիայի Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Թոնի Էրիկսոնին: 

Ըստ այդ տվյալների ՝ աշ-Շամարին գրանցված է Ստոկհոլմի արվարձաններից մեկում: Նաջահ աշ-Շամարին, որը Իրաքի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատվել է 2019-ի հունիսին, Շվեդիայում գրանցված է այլ անվանումով: Հարկային եկամուտների ծառայության տվյալներով` նա բնակության թույլտվության համար դիմել է 2009 թվականին, իսկ 2015-ին ստացել է շվեդական անձնագիր:

Աղբյուրը հայտնում է, որ լրագրողներն այցելել են նշված բնակավայր և զրուցել են այն տան բնակիչների հետ, որտեղ տղամարդը հաշվառված է: Նրանցից մեկը, տեսնելով Իրաքի պաշտպանության նախարարի լուսանկարը, նրան ճանաչել է որպես մոտակայքում ապրող անձ:

Նշվում է, որ 2016-ին այդ անձին մեղադրանք է առաջադրվել մի քանի ծանր հանցագործությունների համար, սակայն դատական հետապնդումը դադարեցվել է գործով դատական նիստի նախորդ օրը: Հարցաքննության ժամանակ տղամարդն ասել է, որ ինքը քաղաքական գիտությունների թեկնածու է և ռազմական գիտությունների մագիստրոսի կոչում ունի: Նա նաև ասել է, որ 90-ականներին իրաքյան բանակում սպա է եղել:

2006 թվականից իրաքցիներին թույլատրվում է ունենալ երկքաղաքացիություն: Սահմանադրության համաձայն, դա չի վերաբերում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես, օրինակ, պաշտպանության նախարարին: