Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 59 դեպք, պետությանը պատճառված 81 մլն դրամի հայտնաբերում, որից վերականգնվել է 8 մլն-ը. Արարատի դատախազն ամփոփում է 2019 թ․ գործունեության արդյունքները

13:39 • 23.11.19

ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ամփոփել է մարզի տարածքում այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, դրանց առնչվող քրեական գործերով շարժընթացի պատկերը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից այս տարվա համար հռչակված առաջնահերթությունների շրջանակներում մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների գործունեության արդյունքները:

Դրական արդյունքներ են ապահովվել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 59 դեպք, պետությանը պատճառված 81 միլիոն դրամի հայտնաբերում, որից վերականգնվել է 8 միլիոնը:
Մնացած մասը երաշխավորված է համապատասխան անձանց պատկանող գույքի կամ դրամական միջոցների նկատմամբ արգելանքի կիրառմամբ:

Դրական միտումներ են առկա նաև որպես խափանման միջոց կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուղղությամբ:

Մտահոգությունների և լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն են առաջացնում բնակարանային գողության նախականխման և կանխման, ինչպես նաև բացահայտման ուղղությամբ տարվող պայքարի անբավարարությունը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով մահացության դեպքերի ցավալի աճը:

2019 թ. բնորոշ այս և այլ խնդիրների, դրանց լուծումների ուղղությամբ իրականացված ձեռնարկումների վերաբերյալ մարզի դատախազի դիտարկումները՝ տեսանյութում: