«Եթե ես չլինեի, Հոնկոնգը 14 րոպեի ընթացքում գետնին կհավասարվեր». Թրամփը հայտարարել է, որ անձամբ է խնդրել Սի Ցզինփինին զորք չմտցնել Հոնկոնգ

10:35 • 23.11.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի «մեկ միլիոն զինվորները» չեն մտնում Հոնկոնգ հատուկ վարչական շրջան միայն այն պատճառով, որ նա ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինին անձամբ է խնդրել նման բան չանել, գրում է CBS News-ը։

«Եթե իմ գործոնը չլիներ, Հոնկոնգը 14 րոպեի ընթացքում գետնին կհավասարվեր։ Նա (ՉԺՀ ղեկավարը) մեկ միլիոն զինվոր էր տեղակայել Հոնկոնգի մոտակայքում։ Նրանք ոչ մի գործողություն չիրականացրին, քանզի ես զանգահարեցի նրան և ասացի․ «Խնդրում եմ՝ չանես նման բան։ Դու մեծ սխալ թույլ կտաս, որը մեծապես կազդի առևտրային գործարքի վրա»»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Չինաստանն ու ԱՄՆ-ն 16 ամիս շարունակ «առևտրային պատերազմի» մեջ են։ Երկրները բազմիցս սահմանել և բարձրացրել են միմյանց ապրանքների համար առևտրային մաքսատուրքերը։ Համաշխարհային խոշորագույն տնտեսությունների միջև «առևտրային պատերազմը» մեծապես ազդել է նաև ընդհանուր տնտեսական աճի վրա:

Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:

Վերջին օրերին Հոնկոնգում կրկին սրվել են բախումները, ցուցարարները փոխել են մարտավարությունը և սկսել են օկուպացնել համալսարանների տարածքները: Անվտանգության նկատառումներով բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են. Հոնկոնգում արդեն մի քանի օր շարունակ երթևեկությունը կաթվածահար է, ցուցարարները բազմահազարանոց երթերից անցել են ճանապարհների, թունելների և կամուրջների արգելափակմանը: