Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի դերը սիմվոլիկ է, իսկ անդամներն ընտրվել են քաղաքական առևտրի արդյունքում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի դերը սիմվոլիկ է, գործ ունենք կոլեգիալ մարմնի հետ, այստեղ կարևոր է, թե ձայների ինչպիսի հարաբերակցությամբ են որոշումները կայացվելու: Այս մասին Tert.am-ի հետ զույցում ասաց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանի ընտրվելուն:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության և առաջադրման կարգը կրում է խիստ քաղաքական բնույթ: Այդ մասին բարձրաձայնեցին նաև իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ՝ պնդելով, որ այս գործընթացը քաղաքական կոնսեսուսի արդյունք է: Եվ իմ մտահոգությունը հենց այնտեղ է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինստիտուցիոնալ տեսանկյունից ձևավորվում է քաղաքական կոնսենսուսի միջոցով, եթե կա քաղաքական կոնսենսուս, անձերն այս առումով որևէ նշանակություն չունեն, վերջնարդյունքում, թե ով կլինի նախագահ, մեծ նշանակություն չունի, քանի որ քաղաքական կոնսենսուսով ձևավորված անդամները ներկայացնում են քաղաքական ուժերին, և դոմինանտ ներկայություն ունեցով ուժի նպատակահարմարությամբ էլ կընդունվեն որոշումներ»,-ընդգծեց նա:
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ անդամների ընտրության հարցում դոմինանտ դերը տրվել է օրենսդիրին, վերջինս հավաքական թեկնածու չի առաջադրել, այլ ԱԺ խմբակցություններն են առանձին թեկնածուներ առաջադրել: «Մենք նորից վերահաստատում ենք, որ քաղաքական պայմանավորվածությունների, առևտրի միջոցով են առաջ բերվել թեկնածուներ»,-նշեց նա:
Ըստ նրա՝ եղել են նաև խնդիրներ՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրված թեկնածուի հետ. գործընթացը թափանցիկ չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում:










