Եթե այսօր էլ ինձ հարցնեն, թե արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը Երևան քաղաքին մեքենաներ նվիրել է, ես այսօր էլ կասեմ՝ ոչ. Հայկ Մարության (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով անդրադարձավ Երևան քաղաքին արված նվրատվություններին ու հրապարակումներին: Ըստ քաղաքապետի՝ սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվել:
«Նախ անդրադառնամ Սամվել Ալեքսանյանին: Լրագրողն ինձ հարցրեց, թե արդյո՞ք նա Երևանի քաղաքապետարանին մեքենաներ նվիրել է, ես ասացի՝ ոչ: Այնուհետև մենք հրապարակեցինք նվիրատուների ցանկը և այդ ընկերությունների մեջ կար «Ալեքս hոլդինգ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը Հրայր Շառոյանն է, իսկ տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը: Ես ուզում եմ ասել, որ եթե այսօր էլ ինձ, որպես քաղաքապետի հարցրեն, թե արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը Երևան քաղաքին մեքենաներ նվիրել է, ես այսօր էլ կասեմ՝ ոչ: Ինչո՞ւ, որովհետև ես պաշտոնատար անձ եմ, և քաղաքապետը չի կարող ինչ-որ ասեկոսեների, այլ խոսացությունների հիման վրա ինչ-որ հայտարարություններ անել: Եվ ես չեմ կարող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն նույնականացնել Սամվել Ալեքսանյանի հետ»,-ասաց քաղաքապետը:
Քաղաքապետը հավելեց, որ կռահումներին ի պատասխան էլ կարող է ասել, որ եթե Սամվել Ալեքսանյանը վաղը Երևանին մեքենաներ նվեր տա, կամ այլ գույք, Երևան քաղաքը մեծ հաճույքով կընդունի այդ նվերը:
Մարությանը նաև անդրադարձավ այն քննադատություններին, թե ինչու է պրոցեսն արվել գաղտնի: Նրա խոսքով՝ ինքն այդ պնդման համար զարմացած է. ի՞նչ գաղտիության մասին է խոսքը, եթե այդ բոլոր աղբատար մեքենաներն ամեն օր՝ օրը ցերեկով, հավաքում են Երևանի աղբը:
Հայկ Մարությանը նկարագրեց նվիրատվության գործընթացը. նվիրատուն գալիս է քաղաքապետարան, այնուհետև կնքվում է պայմանագիր, այն տարվում է ճանապարհային ոստիկանություն, և դա թափանցիկ գործընթաց է:
Նրա խոսքով՝ երբ իրենց հարցրել են նվիրատվության մասին, հենց հաջորդ օրը հրապարակել են ցանկը:
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ տրված նվերների և շինթույլտվությունների միջև կապ կա, Հայկ Մարությանն ասաց. «Մասնավորապես եղավ հայտարարություն, որ նույն Սամվել Ալեքսանյանի մեքենաների դիմաց մենք «Մեգամոլլ»-ին տվել ենք ավատական ակտ: Այդ ակտը հիմա իմ ձեռքում է, այն տրվել է 20.09.2018 թվականին և ստորագրվել Կամո Արեյանի կողմից՝ մինչև իմ քաղաքապետ դառնալը:
Հայտարարություններ եղան, որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված Տերյան 5 շենքը, որտեղ տրված է 12 հարկի շինթույլտվությունը, և քաղաքապետարանը դարձրել է 22 հարկի և դրա դիմաց ինչ-որ բան ենք ուզել, այս փաստաթուղթն էլ ստորագրված է 2017-ի նոյեմբերին՝ Տարոն Մարգարյանի կողմից»:
Ինչ վերաբերում է Դավթաշենում կառուցվելիք շենքերին, և քաղաքապետարանը 14 հարկի փոխարեն 18 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է տվել «Ն և Ս քոնսթրաքշըն» ՍՊԸ-ին. այս ընկերությունն ի սկզբանե դիմել է 18 հարկի համար: Մեզ Երևանում պետք է շինարարական բում, մենք բարձր հարկերի հետ խնդիր չունենք, եթե չի խախտվում որոշակի նորմեր: Այս ընկերության հետ խախտում ևս արձանագրվել է, տուգանվել է»:
Հայկ Մարությանը անդրադարձավ նաև Օհանով փողոցի հողամասի ինքնակամ կառույցին և ասաց, որ այդ հարցում ևս ապատեղեկատվություն կա և ներկայացրեց պարզաբանում:
«Սա այն փաստերն են ու արձագանքը, իսկ այժմ ես դիմում եմ ձեզ.... գիտեք, ես այստեղ եմ միայն մեկ պատճառով. ես ուզում եմ, որ մեր քաղաքը զարգանա, մեր քաղաքն առաջ գնա, ես չեմ խնայում դրա համար ո՛չ առողջություն, ո՛չ նյարդեր, ո՛չ ուժ: Իմ միակ հենարանն այս ամեն ինչում դուք եք, միակ մարդիկ, ովքեր իմ ընկերներն են, իմ հարազատներն են այս դժվար պայքարի մեջ: Ես ուզում եմ ասել, որ ամեն ինչ անելու եմ սրա համար, ինձ համար զարմանալի է այն մարդկանց ռեակցիան, ովքեր ասում են՝ ինչպես կարելի է, ինչ նվեր է, և այլն... եթե հարյուր անգամ հետ տային ժամանակը, ես հարյուր անգամ էլ այս բոլոր նվերները կվերցնեի Երևան քաղաքի համար, որովհետև այս նվերներն այսօր մաքուր են պահում մեր փողոցները, առաջ են տանում մեր քաղաքը: Ուզում եմ ասել, որ ես բացարձակ ոչ մի քաղաքական ամբիցիաներ չունեմ, ընդհանրապես միակ իմաստն իմ այստեղ գտնվելու, այս գործն անելն է: Ուզում եմ ասել, որ ես շատ ուրախ եմ, որ ունեմ ձեր նման համաքաղաքացիներ, ձեր հետ ապրում եմ նույն քաղաքում, ու անցնում ենք այս դժվար ժամանակաշրջանն իրար հետ, համբուրում եմ ձեզ»,- եզրափակեց Մարությանը:

«Մեգամոլ» առևտրի կենտրոնի շինարարության ավարտական ակտը:


Վերոնշյալ լուսանկարում Տերյան 5 հասցեում կառուցվող շենքի նախագծման թույլտվությունն է:

Քաղաքապետը տարածել է նաև այս լուսանկարը՝ նշելով, որ «Ն և Ս Քոնսթրաքշն» ընկերությունն ի սկզբանե դիմել է 18 վերգետնյա հարկի կառուցման համար:
Լուսանկարները՝ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:










