Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն. թող ստուգեն, բայց դրան ձև կա, չափ կա. Գագիկ Ծառուկյանը՝ իրեն պատկանող հաստատություններում ստուգումների մասին

12:05 • 03.12.19

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը տնտեսական հեղափոխություն չի տեսնում: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Տնտեսական հեղափոխությունը ոլորտների զարգացումն է: Վարկ են վերցրել, գոնե օգտագործեն, տարել բանկում դրել են: Դա ո՞նց կարող է տնտեսական հեղափոխություն լինել»,-ասաց Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունները պնդում են, որ կոռուպցիան վերացել է, արդյունքում էլ զարգանում է տնտեսությունը:

Նա անդրադարձավ նաև հարցին, թե իշխանություններն իր առջև երբևէ պայման դրե՞լ են իր հանդեպ լավ վերաբերմունքի համար ինչ-որ գործողություններ կատարել: «Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ո´չ ինչ-որ մեկը ռիսկ է արել ինձ ասել, ո´չ էլ կարող է: Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարող լինել: Ծառուկյանն ինչ մտածում է, ասում է, ոչ թե մտածում ա՝ վայ, հանկարծ իմ հետևից կընկնեն, էս կանեն, էն կանեն»,-ասաց  Ծառուկյանը՝ նշելով, թե ինքը հաշվի չի առնում՝ ով որ կուսակցությունից է, իր ցանկությունը ժողովրդի, պետության համար լավ բան անելն է:

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են գործարարները միշտ ձգտում մոտ լինել իշխանությունների հետ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն արձագանքեց՝ որ գործերը լավ լինեն:

«Ասա՝ այսօր, բացի Ծառուկյանից, ո՞ւմ են ստուգում: Ցանկացած օբյեկտ նայեք: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, չեմ ասում՝ մի ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա: Այս երկրում միայն Ծառուկյա՞նն է սեփականատեր, հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն. ստուգում են, թող ստուգեն»: 

Դիտարկմանը՝ արդյո՞ք հիասթափված է հեղափոխությունից, Գագիկ Ծառուկյանն ասաց՝ հիասթափված չէ: «Ոչ մեկն էլ չպիտի հիասթափվի, կյանքը շարունակվում է, ամեն թերություն մարդն իր մեջ պետք է փնտրի»,-հավելեց նա: