Բնապահպան ակտիվիստ Գրետա Տունբերգը Լիսաբոն է ժամանել կատամարանով

23:28 • 03.12.19

Ազգությամբ շվեդ Գրետա Տունբերգը, որը համաշխարհային ճանաչում է ստացել որպես բնապահպան ակտիվիստ, Լիսաբոն է ժամանել կատամարանով, որպեսզի այնտեղից հասնի Մադրիդ, որտեղ անցկացվում է կլիմայական փոփոխություններին նվիրված COP 25 համաժողովը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Տունբերգը Պորտուգալիայի մայրաքաղաք է ժամանել մասնավոր կատամարանով, և ժամանելուն պես լուսանկար է հրապարակել թվիթերյան էջում: Կատամարանով ուղևորությունն աղջիկն սկսել է նոյեմբերի կեսերին՝ հոր հետ միասին: 

Նշվում է, որ նրան ափամերձ հատվածում դիմավորել են տասնյակ մարդիկ, որոնցից ոմանք բնապահպանական թեմաներով պաստառներ են պատրաստել:

Նշենք, որ կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը Մադրիդում անկացվում է դեկտեմբերի 2-13-ը՝ Չիլիի նախագահությամբ: Համաժողովին մասնակցում է շուրջ 200 երկրի ներկայացուցիչ, միջոցառմանը հավատարմագրված է շուրջ 30 000 մարդ: