Մամեդյարովը հայտարարել է Ռուսաստանի հետ շուտով կնքվելիք նոր ռազմական պայմանագրի մասին

10:14 • 04.12.19

Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստվում են սպառազինության գնման վերաբերյալ նոր պայմանագիր կնքել: Այս մասին «Կոմերսանտ» պարբերականի լրագրողի հարցին ի պատասխան ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: 

«Կան որոշակի հետաքրքիր գաղափարներ: Հենց գործարքն ավարտվի, տեղեկություններ կհաղորդենք լրատվամիջոցներին»,- ասել է նա:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ երկրներին ուղղված խոսքերին, որում Փաշինյանը կոչ էր արել զենք չվաճառել Ադրբեջանին: 

«Ես միայն կարող եմ ընդգծել, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է»,-ասել էր ՌԴ արտգործնախարարը՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը «զարգացնում են իրենց համագործակցությունը միջազգային նորմերին համապատասխան, համաձայն Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրության և ամբողջովին հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որը կարևոր է պահպանելու տարածաշրջանում կայունությունը»:

Օրերս Ղրղզստանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցները Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է անպատասխան թողնեն Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: