ՍԴ գործող կազմից ազատվելու միտքը հակաիրավական և հակասահմանադրական է. ուրախ եմ, որ դատավորները համառ գտնվեցին. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքն ունի մեկ նպատակ՝ գործող քաղաքական իշխանության կողմից նշանակել ՍԴ նոր դատավորներ, իսկ այդ նպատակը հակասահմանադրական է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Իշխանության մտահոգությունը ոչ թե այն է, որ, օրինակ, Հրայր Թովմասյանը քավոր-սանիկական կապեր ունի Արամ Օրբելյանի հետ, այլ այն, որ Սահմանադրական դատարանը կյանքի կոչի կառավարության պատկերացումները: Նախկինում, անգամ ամենավատ տարիներին, եղել են ՍԴ-ի այնպիսի դատական ակտեր, որոնք անվավեր են ճանաչել շատ կարևոր օրենքների դրույթներ: Դրանք անհարմարություններ են ստեղծել օրենսդիր և գործադիր իշխանության համար»:
Ըստ Հարությունյանի՝ նախկինում եղել են, այսօր էլ կան իրապես անկախ դատավորներ, որոնք գործադիր իշխանության համար անհաճո որոշումներ են կայացնում. «Դատավորը պետք է կտրվի օրվա քաղաքական իշխանությունից: Իսկական դատավորն այդպիսին պետք է լինի: Դատավորների հասցեին սպառնալիք ու վիրավորանք պարունակող քաղաքական հայտարարություններ են հնչում գործադրի կողմից, մինչդեռ դատական իշխանությունը հնարավորություն չունի արձագանքելու, նրան արգելված է: Անգամ առանձին դատավորներ շատ զուսպ են արձագանքում»:
Նախկին նախարարի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ իբրև դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմին, պետք է արձագանքի նման քաղաքական հայտարարություններին:
«Իրավունքն այսօր մեկնաբանվում է ընտրողաբար, և դատավորների բարեվարքության կանոնները կարող են գործիք դառնալ անցանկալի դատավորների դեմ: Դատավորների հետ գործադիր իշխանության ուղղակի շփման կարիք չկա, նախկինում էլ նման՝ այսպես կոչված «զանգովի արդարադատություն» չի եղել:
Դատավորը, ենթադրելով, թե ինչ է իրենից ակնկալում օրվա իշխանությունը, կայացնում է նրա կամքին համահունչ վճիռ: Այսօր գործադիր իշխանությունը փորձում է հուշել դատավորներին, թե ինչ վճիռներ է ակնկալում»,- ասել է Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի գործող կազմը փոխելու հարցադրումը հակաիրավական և հակասահմանադրական է, այն հակասում է իրավական պետության հիմքերին:
«Ուրախ եմ, որ Հրայր Թովմասյանն ու մյուս դատավորները բավականաչափ համառ գտնվեցին: ՍԴ դատավորների ներքին ինքնագնահատականն էապես բարձրացել է: Նրանք դիմակայում են ճնշումների, զգում են, որ հատուկ առաքելություն են իրականացնում»,- ասել է նախկին նախարարը:
Հարությունյանի կարծիքով՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների հնարավոր միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու նպատակը ևս մեկն է՝ ազատվել ՍԴ գործող կազմից, ինչը հակաիրավական և հակասահմանադրական քայլ է:
Դավիթ Սարգսյան










