Քարոզարշավի ժամանակ խոստացել էին, որ Երևանում այլևս կացարաններ չեն լինելու, հիմա 15 ընտանիք կացարանում է՝ անմարդկային պայմաններում. Շիրակի 88/1 հասցեի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին (տեսանյութ)

19:42 • 12.12.19

20։00

Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ասաց, որ ինքն այսօր Կառավարությանը հանձնել է բնակիչների պահանջները.«Նիկոլ Փաշինյանը պետք է լուծի այս բնակիչների խնդիրները մինչև 2020 թվականը: Ոնց ուզում է, թող լուծի, ուզում է՝ տանի Կառավարության ամառանոց»:

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ շենքի բոլոր երեխաները, անչափահաս երեխաները, ճանապարհ են փակել, մինչև Հանրապետության հրապարակ։ «Իմ 13 տարեկան երեխան հավատացել է, որ լավ Հայաստանում է ապրելու, հիմա էլ 18 տարեկան է դառնալու և գնա ծառայի, թույլ չեմ տալու: Անձամբ ենք խնդրել արձագանքել, գալ, մոտիկից տեսնել, թե շենքն ինչ վիճակում է»,– ասաց նա:

Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ երեխաներն ամաչում են իրենց ընկերներից, հյուր գնում են, սակայն հյուրեր չեն կարողանում ընդունել.«Մկների մեջ ապրում են, կռիսների մեջ ապրում են, հիվանդ ապրում են, բայց ամենաազնիվ երեխաներն են»:

Մեկ այլ ծնող էլ ասաց, որ պահանջում է, որ իրենց բնակարանով ապահովեն, ցանկանում են ապրել մարդկային պայմաններում:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ նախարարներին պարգևավճարներ տալու փոխարեն, կարող էին իրենց բնակարաններ տրամադրել:



19։50

Բնակիչներից մեկը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ անմարդկային պայմաններում են ապրում. «Անցած տարի սեպտեմբերին՝ Երևանի քաղաքապետարանի քարոզարշավի ժամանակ, խոստացել են, որ մինչև 2020 թվականը Երևանում ժամանակավոր կացարաններ չեն լինելու, սակայն սա այդ նույն կացարաններից մեկն է: Երևանը 700,000 դոլար է հատկացրել Ամանորյա միջոցառումներին, բայց դրա փոխարեն այս 15 ընտանիքներին կարող էին ապահովել բնակարաններով»:

19։42

Երևանի Շիրակի 88/1 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նշում են՝ շենքը փլուզման եզրին է, ապրում են անմարդկային պայմաններում:

Քաղաքացիները նաև նշում են, որ իրենց մոտ կասկած է հարուցել այն, որ քաղաքապետարանը թույլ է տվել շենքի հարևանությամբ կառուցել ավտոտնակ, որը պատկանում է «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկին։

Հիշեցնենք, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը ստեղծվել է Երևանի ավագանու որոշմամբ 2019-ի ապրիլին:

Բողոքի ակցիային կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ։

 

Քարոզարշավի ժամանակ խոստացել էին, որ Երևանում այլևս կացարաններ չեն լինելու, հիմա 15 ընտանիք կացարանում է՝ անմարդկային պայմաններում. Շիրակի 88/1 հասցեի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին (տեսանյութ)