Գործընթացներին քիչ թե շատ հետևող, մտածող և գիտակից ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով բանտախցում, այսօր ակտիվ քաղաքականության մեջ է. Աղվան Վարդանյան
Ես վստահ եմ՝ քիչ թե շատ գործընթացներին հետևող, մտածող և գիտակից ցանկացած մարդ տեսնում է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր ակտիվ քաղաքականության մեջ է՝ լինելով բանտախցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ձևավորված հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
«Դուք հետևում եք, տեսնում եք Քոչարյանի հրապարակային ելույթները, հարցազրույցները. աչք ունեցողը, ականջ ունեցողը կտեսնի, որ նրա գնահատականները և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական ու մեր երկրի իրական խնդիրներին առնչվող, բացառիկ լայն, ամբողջական հայացքով, փորձառու քաղաքական գործչի տեսակետներ և կարծիքներ են, որոնք, բնական է, որ դանդաղ, բայց տարածվում են հասարակության մեջ»,- ասաց նա:
Հարցին՝ ինչու է համարում, որ ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը անհեթեթ է, Աղվան Վարդանյանն ասաց, որ մեկ անձի ցուցմունքով հիմնված մեղադրանքի առաջադրումն էլ ինչ կարող է որակվել:
«Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ պետական ամբողջ համակարգը չի աշխատում, ձախողված է, ըստ վարչապետի, և դարձյալ, ըստ վարչապետի, մի շատ լուրջ ինստիտուտ է կայանում՝ երկրի ղեկավարի տիկնոջ ինստիտուտը: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ վերջին օրերին ականատես ենք եղել, որ բարոյականությունից գանգրենա ունեցողները իշխանության ճյուղերի վրա մնալու համար պատրաստ են ուրանալ, դավաճանել իրենց տասնամյակների ընկերներին: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ նախկիններին մերժողները, մեղադրողները այս շատ կարճ ժամանակում էապես գերազանցել են նախկիններին և՛ մենիշխանությամբ ու մեկ անձի իշխանությամբ, և՛ դատարկ մեծամտությամբ ու ինքնավստահությամբ, և՛ աշխատելու անկարողությամբ»,- ասաց նա:
Դիտարկմանն էլ՝ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հայտարարել էր, որ ճիշտ կլինի, որ Արցախի նախագահը լինի պատերազմով անցած մեկը և հարցին արդյոք տեղյա՞կ է, թե ով է թեկնածուներից վայելում նրա բարեհաճությունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ասել է այն, ինչ ասել է, և բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ տեղյակ են արցախյան իրադարձություններին, կարծում եմ՝ պատկերացում ունեն, ոչ թե ով, այլ ովքեր կարող են հավակնել, որովհետև որևէ անուն այդտեղ տրված չէ:
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ժամանակ առաջ դավադրության մեջ է մեղադրվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանցագործներ են համարվել պատերազմով անցած գեներալները: Այս իրավիճակում բնական է, որ այն, ինչ ունեցել ենք արցախյան ազատամարտի տարիներին, նաև Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին, այդ վճռականությունը, կամքն է հաղթանակ բերել մեր ամբողջ ժողովրդին: Բնական է, որ բանակցությունների այս հեղհեղուկ փուլում կարևոր է, որ Արցախը սեփական հստակ դիրքորոշում ունենա, և Արցախը ղեկավարեն պատերազմով անցած խիզախ առաջնորդներ: Արցախում այս գիտակցումը մեծ տարածում ունի, շատերն են տեսնում այսօրվա վիճակն ու հնարավոր վտանգները: Կապրենք, կտեսնենք, ընտրությունները ցույց կտան»,- հայտարարեց նա:










