Աղավնիներով, «դռոններով», գյումրվա քյալլայի մեջ թաքցրած փորձել են թմրանյութ մտցնել քրեակատարողական հիմնարկ. ՔԿԾ պետ
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների և արգելված իրերի հայտնաբերումների դեպքերին:
Արթուր Գոյունյանը նշեց, որ եթե նախկինում արգելված հեռախոսը ՔԿՀ ծառայողների կողմից դատապարտյալներին փոխանցելու դեպքերը կրել են պարբերական բնույթ՝ կոնկրետ որոշակի գումարի դիմաց, ապա հիմա ՔԿՀ ծառայողների օժանդակությամբ նման դեպքերը գրեթե բացառվում. արդեն ներնետման միջոցով են փորձում արգելված իրերը տեղ հասցնել, որոնք նույնպես ձախողվում են:
«Ունեցել ենք արգելված իրերի ներթափանցման զավեշտալի դեպքեր: Նույնիսկ աղավնիների, «դռոնների» միջոցով են փորձել թմրամիջոցներ հասցնել դատապարտյալներին, նույնիսկ գյումրվա քյալլայի մեջ են թմրամիջոց թաքցրել և որպես հանձնուք ներկայացրել, ինչը մեր ծառայողների աչալրջության արդյունքում բացահայտվել է»,- ներկայացրեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Արթուր Գոյունյանը տեղեկացրել էր, որ այս գիշեր «Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ: Նաև այս առավոտ «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում երկու աշխատակից է բռնվել թմրամիջոցներ հիմնարկ մտցնելու պատճառով:










