Մեր իշխանությունները բանակցային գործընթացում ստեղծել են իրավիճակ, որ հետո տարիները չեն հերիքի՝ հետ գալու այն կետին, որի վրա կանգնած ենք եղել մինչև իրենց գալը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Երբ խոսում ենք այն մասին, որ տեղի է ունենում իշխանությունների կողմից հանրային կարծիքի, հանրությանն ուղղված ուղերձների, սեփական դիրքորոշումների ներկայացման աննկարագրելի մեծ մանիպուլացիա. ինչո՞ւ ենք խոսում, որովհետև շատ հետաքրքիր ձեռագիր կա իշխանությունների մոտ: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Օրինակ, երբ կա ահազանգ, վերլուծվող խոսք ինչ-ինչ հարցերի վտանգավորության, մարտահրավերների վերաբերյալ, եկող պատասխանը կամ արձագանքը երբևէ կապ չի ունենում ուղղակիորեն առաջադրված հարցի հետ: Սա շատ հետաքրքիր ձեռագիր է: Ես կարծում եմ, որ մեր հանրությունը սա պետք է վաղուց ապակոդավորեր, զգալով, որ այդ կերպ կատարվում է շեղման ինչ-որ գործողություն հիմնական դրված խնդրից: Մենք սրա օրինակներին ականատես ենք եղել բազմիցս»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ կա մի վտանգավոր տենդենց, որ այդ նույնն իրականացվում է նաև արտաքին քաղաքականության դաշտում, գրեթե բոլոր ուղղություններով: «Մարդկանց ներկայացնում ես ինչ խնդիրներ կան օրինակ՝ մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, մարդը դուրս է գալիս և հանրային խոսքում ասում, որ հայ-ռուսական հարաբերությունները երբևէ չեն եղել այն մակարդակի, ինչպիսին այսօր են: Ոչ մի անդրադարձ բարձրաձայնված խնդիրներին, այլ ուղղակի օդում նետված ուղերձ, որի ամբողջ նպատակադրումը հետևյալն է՝ հանրության ինչ-որ լայն շրջանակի մոտ, որ այդ թեմայով չի մտածում, չի մտահոգվում, թողնել տպավորություն, որ մենք որևէ դաշտում որևէ խնդիր չունենք»,- ասաց նա:
Նա շեշտեց, որ եվրոպական գործընկերները վերջին տարվա և մի քանի ամսվա շրջանակներում արդեն Հայաստանի հետ ոչ թե շփվում են արժեքային դաշտում, այլ՝ միայն շահերի դաշտում: «Եվրոպական գործընկերների առնչությունների հետ կապված միշտ կա երկու կոմպոնենտ և որոշակի բալանսավորում. երբեք շահերը չեն մոռացվում, բայց կա նաև արժեքային դաշտը: Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ արժեքային դաշտում առնչություն չկա»,- շեշտեց Բեքարյանը:
Նա նշեց, որ սրանից չի հետևում, թե եվրոպացիները մեզ հետ հարաբերությունները պետք է դադարեցնեն կամ չառնչվեն, որովհետև երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահերը. «Բայց եթե մեր առնչությունը միայն շահերի դաշտում է, որտե՞ղ մենք կարող ենք ինչ-որ ակնկալիք ունենանք: Սրանք խնդիրներ են, որոնք ուղղակիորեն այդ մանիպուլյացիայի արդյունքն են»:
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ նա ասաց. «Մեղադրում են, որ վարչապետը նախապատրաստվում է հող հանձնել, բայց այդպիսի բան չկա: Ո՞նց մարդկանց բացատրես, որ այդ հող հանձնելը էն անջատիչը չէ, որի կոճակը սեղմում ես, միանում-անջատում է, և հարցը չի վերաբերում նրան, որ որևէ մեկը հիմա ասում է՝ վարչապետ, դու հիմա հող ես հանձնում, դու փաստաթուղթ ես ստորագրում, հարցը լրիվ այլ տեղ է գտնվում: Դու կարող ես բանակցային գործընթացը տանել այնպիսի ընթացքով, որ քեզնից հետո տասնամյակներ շահերի վերադարձը բանակցային սեղան տեղի չունենա, դու կարող ես ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հերիք չէ շահերի պաշտպանումը դառնա բավականին բարդ, ներսում էլ քո կոնսոլիդացիան ուղղակիորեն տապալվի և ամբողջը ծառայի քո շահերի դեմ: Հիմա սա նո՞ւյնն է, ինչ հող տալն այդ անջատիչով: Այսինքն՝ նույն մանիպուլյացիան թույլ չի տալիս հարցին այս կողմից նայել»:
Նա օրինակ բերեց, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունից գնացել է՝ ունենալով համաձայնություն փուլային տարբերակին. «Արդյո՞ք հետևից եկող իշխանությանը հեշտ էր գլխիվայր շուռ տալ բանակցային գործընթացը և լիովին այն դարձնել հայկական պետությունների շահերից բխող, իհարկե՝ ոչ: Տարիներ, տասնամյակներ տևած դիվանագիտական այդ ողջ աշխատանքը բերել է նրան, որ եկել հասել ես մի կետի, որտեղ միջազգային հանրության համար ընկալելի է եղել ինքնորոշման իրավունքի հարգման հարցը»,- ասաց նա:
Կարեն Բեքարյանը նշեց, որ սա մեր երազանքի կարգավորման փաթեթը չէ: «Բայց, եթե հիշում ես, թե որ կետից ես սկսել ու ուր ես եկել, հասկանում ես դինամիկան, ուրեմն քո աշխատանքն արդյունքն է տվել: Հիմա մենք գտնվում ենք լրիվ հակառակ փուլում: Մենք հիմա ընթանում ենք՝ հերթով տապալելով ձեռք բերված արդյունքները: Օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ մեր իշխանությունները այսօր բանակցային գործընթացում ստեղծել են իրավիճակ, որ հետո տարիները կարող է չհերիքեն՝ հետ գալու այն կետին, որի վրա կանգնած ենք եղել մինչև այս իշխանությունների գալը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










