ԶԼՄ-ները պարզել են, թե ինչ «սուրբծննդյան նվեր» է մտադիր ԿԺԴՀ-ն մատուցել ԱՄՆ-ին
Հյուսիսային Կորեան մտադիր է կոշտ քաղաքականություն վարել ԱՄՆ-ի նկատմամբ, այդ թվում՝ հրաժարվել ապամիջուկայնացման հարցի շուրջ բանակցություններից:
Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով հյուսիսկորեական ղեկավարության մտադրությանը ծանոթ աղբյուրին, ԿԺԴՀ նոր քաղաքականությունը, հավանաբար, հանդիսանում է այսպես կոչված՝ «սուրբծննդյան նվեր», որը Փհենյանը խոստացել էր մատուցել Վաշինգտոնին:
Նշվում է, որ այս քաղաքականությունը խոսում է այն մասին, որ Հյուսիսային Կորեան մտադիր է ամրապնդել միջուկային զենք ունեցող երկրի կարգավիճակը:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Փհենյանն այլևս չի ձգտի պատժամիջոցների մեղմացման՝ որպես տնտեսական զարգացման հասնելու միջոցի ո՛չ կարճաժամկետ, ո՛չ երկարաժամկետ հեռանկարում: Փոխարենը ԿԺԴՀ-ն կմեծացնի իր հավատարմությունը ինքնաապահովման պետական գաղափարախոսությանը:
Հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը «սպասողական» դիրքորոշում ունի՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իմփիչմենթի գործընթացով պայմանավորված քաղաքական խոցելիության հետ:










