Սաուդյան Արաբիայում արգելել են մինչև 18 տարեկանների ամուսնությունը
Սաուդյան Արաբիայում արգելվել է անչափահասների ամուսնությունը: Նոր օրենքի համաձայն` ամուսնության նվազագույն տարիքային շեմ է համարվում 18-ը: Այս մասին հայտնում է Saudi Gazzete-ն:
Նշվում է, որ մինչ 18 տարեկանն ամուսնանալ ցանկացողների համար անհրաժեշտ կլինի հատուկ թույլտվություն ստանալ: Բոլոր նման հարցերը կլուծի մասնագիտացված դատարանը, որը կորոշի, թե նման ամուսնությունները բացասաբար չե՞ն ազդի նորապսակների և նրանց ապագայի վրա:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան ընդլայնել էր կանանց իրավունքները: Նրանց թույլատրվում է ճանապարհորդել առանց խնամակալների և ինքնուրույն գրանցել նորածին երեխային: Նախորդ տարի այս երկրի կանայք նաև մեքենա վարելու իրավունք էին ստացել:










