Դատական համակարգի վրա ճնշումները կշարունակվեն այնքան, մինչև իշխանությունը չհասնի իր նպատակին՝ իրեն ենթարկի դատական համակարգն ամբողջ ծավալով. Արսեն Բաբայան
Մեր երկրում ավելի քան մեկ տարի գործում են երկակի ստանդարտներ, այսինքն՝ մեկին կարելի է թույլ տալ մի բան, որը չի կարելի մյուսին, մեկին ենթարկում են պատասխանատվության, մյուսին երբևէ բան չեն անում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով վարչապետի ֆեյբուքյան հրապարակմանը և կից գրառմանը, որում վարչապետը նշել էր, թե այս երկիրը թալանածները, այս իրականությունը կերտածները, «նոտարական գրասենյակներ գողացածները դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին»:
Արսեն Բաբայանի խոսքով, այս կերպ խախտվում է իրավական պետության սկզբունքը, չնայած որ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել էր իրավական պետություն կառուցելու մասին:
«Այո՛, հայտարարել էր, բայց մենք տեսանք, որ մեկուկես տարվա ընթացքում այդ ուղով չենք գնում: Տեսանք հակառակն ապացուցող փաստեր: Բազմաթիվ գործեր, բազմաթիվ երևույթներ, որոնք ապացուցեցին, որ ոչ միայն իրավական պետություն կառուցելու ճանապարհով չենք գնում, այլ եղածն էլ փչացնում ենք»,– ասաց նա:
Արսեն Բաբայանը նկատեց, որ այսպիսի միջոցներով փորձում են դատական իշխանությանը ճնշել, ապա ավելացրեց, որ ճնշումները չեն դադարում և կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև իշխանությունը չհասնի իր հիմնական նպատակին՝ ենթարկի դատական համակարգն ամբողջ ծավալով:
«Պատկան մարմինները վախենում են գործողություններ իրականացնել Փաշինյանի դեմ: Խնդիրն այն է, որ իրենք, լինելով գործադիր իշխանության մաս և գտնվելով գործադիրի հովանավորության ներքո, վարչապետի այս հայտարարության համար որևէ գործողություն չեն իրականացնի»,- ընդգծեց Բաբայանը:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյաննը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը ասել էր, որ վարչապետի այն քաղաքական բնույթի հայտարարություն է։










