Եթե մեր իրականությունից դուրս են մղվում հայ արմատով սկսվող բոլոր բառերը, երևույթները, նշանակում է՝ այս իշխանության նպատակը մեկն է՝ քանդել մեր պետականությունը. Գևորգ Պետրոսյան

12:24 • 03.01.20

2019 թվականին, որքան հնարավոր է, իշխանությունը ջախջախել է ազգային արժեհամակարգը, մեր ավանդույթները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իշխանության ուշադրության կենտրոնում գտնվել ազգային արժեհամակարգը:

«Այդ արժեքները, ինչքան հնարավոր է, փորձ է արվել ջախջախել, բայց մենք՝ որպես խորհրդարանական ընդդիմություն, փորձել ենք պահել արժեհամակարգը, որովհետև մեր ազգի վերապահպանման և գոյազարգացման գործում, կարևոր չափանիշ, կարևոր պայման է մեր ազգային արժեքների պահպանումը: Եթե մենք հեռանանք մեր ավանդական հայացքներից, մեր առաքելական եկեղեցու ուսմունքից և տեղիք տանք մեզ համար խորթ, օտար երևույթներին, շատ շուտ կկոցնենք մեր պետականությունը»,- ասաց նա և հավելեց. «Ես այդ առումով կառավարության գործունեությունը գնահատում եմ մինուս անվերջություն»:

Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ այն նախագծերը, որոնք ԲՀԿ-ն ներկայացրել է  ի պաշտպանության նաև ազգային-ավանդական արժեքների, դրանք բոլորը կառավարության կողմից մերժվել են ամենածիծաղելի պատճառաբանություններով. «Բայց փոխարենը նրանք փորձ են արել մեր իրականություն ներմուծել երևույթներ, որոնք ուղղակիորեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը, ինքնությանը և մեր գոյապահպանությանը»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ վարչապետը ասում էր՝ իրենց կառավարությունից շատ ոչ մի այլ կառավարություն ազգային արժեքների մասին չի մտածել, նա հակադարձեց, որ ազգային արժեքների մասին մտածող կառավարությունը չի նախաձեռնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում Հայաստանում:

Բացի այդ, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Եթե կառավարությունը հրաժարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվտանգություն և ծառայողական ավտոմեքենա տրամադրել, բայց ծառայողական ավտոմեքենաներ գնում են իրենց սեփական ընտանիքների համար, էլ ի՞նչ ապացույց ներկայացնենք. որևէ առումով իրենք չեն կարող հերքել իմ ասածը»:

Դիտարկմանը՝ իր նշած բոլոր կետերին կառավարությունը հակափաստարկներ ունի, օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի պահով նշում է՝ նախորդ կառավարությունն է ստորագրել, Պետրոսյանն ընդգծեց, որ այո, ստորագրել է, բայց չի վավերացրել:

«Ստորագրելն էլ կապված է եղել եվրոպական կառույցների հետ մեր պայմանավորվածություններով: Հեքիաթներին հավատալու ժամանակներն անցել են: Այս կառավարությունը ազգային, ավանդական արժեքների պահպանման ուղղությամբ որևէ առաջընթաց քայլ չի գրանցել, հակառակը՝ հետընթաց է գրանցել, որ թույլ է տալիս հանդուրժողականության մթնոլորտի պատճառաբանությամբ տրանսգենդերներին, դրսից ժամանած վարակակիր սեռաշեղվածներին՝ գալ կառավարության շենքի դիմաց ինքնաիրացմամբ զբաղվել, սա է կառավարության գործունեության արգասիքը»,- ասաց նա:

Գևորգ Պետրոսյանն ընդգծեց. «Կրթության նախարար կոչեցյալը, որը կրթության հետ էնքան կապ ունի, որքան ես տիեզերագնացության հետ, այսօր ինչ-որ հայկական արմատ ունի, դուրս է ուզում մղի մեր իրականությունից. հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, հիմա էլ հայ եկեղեցու պատմություն: Սա ուղղակի նշանակում է քանդել պետությունը»:

Ըստ Պետրոսյանի՝ եթե նախորդ իշխանությունների՝ պետությանը պատճառած վնասը եղել է ընդամենը այնքանով, որ այդ իշխանությունում եղել են մարդիկ, որոնք փորձել են իշխանությունը ծառայեցնել իրենց, բայց չեն ունեցել պետությունը քանդելու նպատակ, ապա այս իշխանությունն ունի պետությունը քանդելու նպատակ: «Եթե մեր իրականությունից դուրս են մղվում հայ արմատով սկսվող բոլոր բառերը, երևույթները դա նշանակում է, որ այս իշխանության նպատակը մեկն է՝ ծառայել չգիտեմ ինչ ուժերի և քանդել մեր պետականությունը»,- եզրափակեց պատգամավորը: