2019-ին Հայաստանում լուրջ կենսական ձեռքբերումներ չեն եղել. պետք է ռեալ քաղաքական դաշտ ձևավորվի, որը լինի ոչ թե պոպուլիստական, այլ՝ քաղաքական. Ստեփան Դանիելյան

14:04 • 05.01.20

2019 թվականին Հայաստանում լուրջ կենսական ձեռքբերումներ չեն եղել: Tert.am-ի հետ ամփոփելով նախորդ տարվա քաղաքական զարգացումները՝ ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ներքին քաղաքականության ոլորտում ձեռքբերումը պետք է լիներ այն ռեֆորմների ծրագիրը, որը շատ ընդհանուր կերպով խոստանում էր գործող կառավարությունը, սակայն ռեֆորմներ ոչ միայն չեն արվել, այլև չեն էլ ձևակերպվել: Պարզ չէ՝ ինչ պետք է անեն: Նույն պոպուլիզմի շարունակությունն է»,-ասաց նա՝ նշելով, թե ոչ պրոֆեսիոնալների բավականին մակերեսային իշխանություն է ձևավորվել, հիմնականում՝ պոպուլիզմի վրա հիմնված:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Դանիելյանը նշեց, թե այդ դաշտում էլ անորոշություն է տիրում: «Իշխանություններն իրենց հեղափոխությունը փորձում էին ծախել արևմուտքին՝ նշելով, թե ինչ-որ մեծ ձեռքբերում է եղել Հայաստանում, բայց արևմուտքի հիմնական խաղացողներին հետաքրքրում էր՝ արդյո՞ք աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն Հայաստանի քաղաքական կուրսում, թե՞ ոչ: Այդ փոփոխությունները չկան, և այդ առումով հեղափոխույունը նրանց բացարձակապես չի հետաքրքրում, նրանք Հայաստանում խորքային փոփոխություններ չեն տեսնում»,-պարզաբանեց քաղաքագետը:

Նա նշեց նաև, թե որոշակիորեն շտկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ նոր իշխանությունների գալուց հետո Հայաստանի իշխանությունների հանդեպ անվստահությունը շատ մեծ էր, բայց, այնուամենայնիվ, այն ինչ-որ չափով պահպանվում է:

Քաղաքագետի կարծիքով՝ որևէ լուրջ տեղաշարժ չի եղել նաև հարևան Վրաստանի ու Իրանի հետ հարաբերություններում: «Այդ երկրները նույնպես շատ ծանր վիճակում են գտնվում արտաքին քաղաքականության առումով, և ճշտումներ են փորձում մտցնել իրենց քաղաքականության մեջ: Մոտավորապես նույնը կարելի է ասել Հայաստանի մասին: Կարծում եմ՝ կարելի էր Իրանի հետ փորձել տնտեսական առումով ձեռքբերումներ ստանալ, բայց կտրուկ քայլեր այդ ուղղությամբ չեն արվել»,-նշեց Դանիելյանը:

Արցախի հարցում էլ, ըստ Դանիելյանի, իրարամերժ հայտարարություններ են. «Հստակ չէ, թե իշխանությունները, երկարատև առումով, արցախյան հարցի կարգավորման ինչ ռազմավարություն ունեն»:

Քաղաքագետի ակնկալիքն այն է, որ նոր տարում Հայաստանում ընդդիմադիր մի քանի լուրջ բևեռներ ձևավորվեն, վերականգնվի քաղաքական դաշտը: «Վերջին ԱԺ ընտրություններում, ձայների ճնշող մեծամասնությունը ստացավ «Իմ քայլը» դաշինքը, որի 90 տոկոսից ավելին հանրությանն անհայտ մարդիկ էին, հիմա արդեն պետք է ռեալ քաղաքական դաշտ և նոր խորհրդարան ձևավորվի, որը լինի ոչ թե պոպուլիստական, որում չկա մտքերի բախում ու լուրջ քաղաքական գործընթացներ, այլ՝ քաղաքական»: