ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թրամփի՝ Իրանի դեմ գործողությունները սահմանափակող օրինագիծը

04:28 • 10.01.20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բանաձևի օգտին, որը կոչված է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին:

Նշվում է, որ բանաձևի օգտին է քվեարկել 224 օրենսդիր և դեմ` 194-ը: Այս օրինագծով Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ հակամարտությունում կկարողանա վերահսկել Թրամփի գործողությունները:

Մասնավորապես, փաստաթուղթն ԱՄՆ նախագահին արգելում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ մինչ այն պահը, երբ Կոնգրեսը կհաստատի այն:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: