Նախարարը թող արթնանա քնից, հասկանա՝ մարզի բնակիչներն էլ ապրելու, աշխատելու իրավունք ունեն․ բուժաշխատողները Եղվարդի ծննդատան լուծարման դեմ բողոքի ակցիա իրականացրին (տեսանյութ)

15:15 • 13.01.20

17։ 32

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը Եղվարդի հիվանդանոցի գլխավոր բժշկի փակ քննարկումից հետո նշեցին, որ հետագա քայլերը կորոշեն վաղը։
 
«Մենք գլխավոր բժշկի հետ պայմանավորվել ենք, որ վաղը՝ ժամը 10։00-ին, մարզպետարանում Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանի հետ պետք է հանդիպենք, որից հետո կորոշենք հետագա քայլերը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։



17:00
Կոտայքի մարզպետն ասել է, որ բնակիչների հետ վաղը հանրային քննարկման կգա։
Ակցիայի մասնակիցները ցանկանում են իրազեկել բնակիչներին, որպեսզի վաղը հանրային քննարկմանը բոլորը ներկա լինեն։

16 ։ 45

Ակցիայի մասնակիցները ցանկանում են խումբ ձևավորել և հանդիպել քաղաքապետի, մարզպետի հետ։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ ճանապարհ չեն փակում, քանի որ այդ դեպքում հանդիպման չեն գալիս, հիմա քաղաքավարի կերպով հանդիպում են ուզում։

15 ։ 38

Այսօր  Եղվարդի ծննդատունը լուծարվելու խնդրով բողոքի ակցիա են իրականացնում ծննդատան բուժաշխատողները։ Աշխատակիցներից մեկը նշեց, որ երեկ ծննդատունը պետք է ծնունդ ընդուներ, սակայն հետո տեղեկացել են, որ ծնունդը տեղափոխել են Երևան, բայց պատճառը չգիտեն։

Մեկ այլ բուժաշխատող ներկայացրեց, որ մեկ տարվա ընթացքում բուժհաստատությունում գրանցված ծնունդների թիվը 17-ով բարձրացել է, վերջին ցուցանիշով ծնունդների թիվը 139 է եղել, իսկ հերթապահությունը նորմալ է իրականացվել։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Առողջապահության նման որոշումները մեկնաբանվում են այնպես, որ մարզերում պայմանները լավը չեն, սակայն, Եղվարդում լավ բժիշկներ կան, որոնց հարգել է պետք։

«Ծննդատուն փակելը սխալ է, շատերը տանը կծննդաբերեն։ Ժողովուրդն ուզում է իր քաղաքում ծննդաբերել։ Որոշում կայացնելուց առաջ թող գլուխները մի հատ թափ տան, հասկանան, նոր թուղթ ստորագրեն։ Ժողովրդի կարծիքը հաշվի առեք, երբ պետք է, ժողովրդին են դիմում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հորդորեց ԱՆ նախարարին արթնանալ քնից, հասկանալ՝ մարզի բնակիչներն էլ ապրելու, աշխատելու իրավունք ունեն։


15 ։ 15

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ծննդատունը լուծարվում է։ Բուժաշխատողները բողոքի ակցիա են անում։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Նախարարը թող արթնանա քնից, հասկանա՝ մարզի բնակիչներն էլ ապրելու, աշխատելու իրավունք ունեն․ բուժաշխատողները Եղվարդի ծննդատան լուծարման դեմ բողոքի ակցիա իրականացրին (տեսանյութ)