Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

14:26 • 14.01.20

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:

«Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է: Սա այն ամենի հետևանքն է, որ մեր պնդումները, հիմնավորումները և բժիշկների եզրակացություններն անտեսվեցին: Երբ ասում ենք, որ Հայաստանի պայմաններում հնարավոր չէ ինտենսիվ բուժել Գրիգորյանին՝ պետությունը լռում է, երբ ասում ենք՝ կալանքը անհամատեղելի է նրա առողջական վիճակի հետ՝ դատարանն անտեսում և մերժում է խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Հիշեցնեմ, որ գործը ՄԻԵԴ-ի տիրույթում է, և Հայաստանն է լինելու դրա պատասխանատվության կրողը՝ նրան կալանքի տակ պահող դատարանի հետ»,-ասաց Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ շրջանցելով «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում պահել են հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև՝ կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք