Հարկային օրենսգրքի փոփոխություններով` հունվարի 1-ից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրության աշխատողները զրկված են մայրության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներից

21:31 • 15.01.20

Հարկային օրենսգրքի փոփոխություններով մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարակատիրությունները 2020 թ.-ի հունվարի 1-ից ազատվել են բոլոր տեսակի հարկերից: Նրանք ազատված են նաև աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի տրամադրումից:

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ նպաստների իրավունք ունեցող անձինք են գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին: Այսինքն` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը կարող էր լինել նաև միկրոձեռնարկատիրության ղեկավարը:

Պետական նպաստների օրենքի համաձայն՝  չաշխատող անձ է համարվում նաև միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը: Այսինքն՝ միկրոձեռնարկության աշխատողները չեն օգտվի նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից՝ 25 500 դրամից: 2020 թ.-ից ավելացվել է մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ 18 հազար դրամից դառնալով 25 հազար 500 դրամ:

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի վերը նշված դրույթները գործել են նաև նախկինում, սակայն Հարկային օրենսգրքի փոփոխություններով էականորեն մեծացել է չհարկվող միկրոձեռնարկությունների շրջանակը:

Նախկինում գործող հարկային օրենսդրությամբ սահմանված էին հետև­յալ այլընտ­րան­­քային համակարգերը՝ ինքնազբաղված անձանց հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչև 9 մլն. դրամ շրջանառություն ունեցող՝ գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճա­րող­­ներն ամբողջությամբ ազատված էին հարկերից: Երկրորդը՝ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգն էր, որի շրջանակներում տարե­կան մինչև 18 մլն. դրամ շրջանառություն ունեցող և միայն ընտանիքի անդամների միջո­ցով գոր­ծու­նեու­թյուն իրականացնող հարկ վճարողներն էին ամբողջությամբ ազատված են հարկերից: Ինչպես նաև արտոնագրային հարկի համակարգն էր գործում, որի շրջանակներում գործունեության որոշ տեսակ­­­ներով զբաղվող հարկ վճարողներն, առանց շրջանառության սահմանափակման, վճա­­­րում են արտոնագրային հարկ (հաստատուն գումար):

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքով վերացվում է արտոնա­գրա­յին հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նե­կան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխա­րեն ներդրվում է մեկ միասնական՝ միկրո­ձեռ­­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ մինչև 24 միլիոն դրամ իրաց­ման շրջանառությամբ:

Նշենք, որ աշխատողներին տրվում են հետևյալ տեսակի նպաստներ՝ հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, մայրության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ վարձու աշխատողին մայրության նպաստը տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ` 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության համար):  

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտ­րա­յին կազ­­մա­կերպությունը և ֆիզիկական անձը, որի նախորդ հարկային տարվա ընթաց­­­քում գոր­ծու­նեու­թյան բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերա­­­զան­ցել 24 միլիոն դրամը: Միկրոձեռնարկատիրությունն ազատված է բոլոր տեսակի հարկերից, իսկ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար վճարելու է ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ, որը համարվում է եկամտային հարկի գծով վերջնա­կան հար­կա­յին պարտավորություն:

ՀՕ փոփոխություններով սահմանվել են նաև գործունեության տեսակները, որոնք կարող են և չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրու­թյան սուբյեկտ: Առավել մանրամասն՝ այստեղ: