Իրանում ձերբակալվել է ուկրաինական ինքնաթիռի խոցման պահը համացանցում հրապարակած տեսանյութի հեղինակը
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բերման է ենթարկել տեղի բնակիչներից մեկին, որը համացանցում հրապարակել էր Թեհրանի օդանավակայանում մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 ինքնաթիռի խոցման պահի տեսանյութը: Այս մասին Թվիթերի էջում գրել է Fars գործակալությունը:
Նշվում է, որ տեսանյութի հեղինակը կհարցաքննվի: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հետաքննության արդյունքների մասին հասարակությանը տեղյակ կպահի:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:










