Եթե կարգապահական միջոց է կիրառվում և հեռացվում է ԲՀԿ 4 պատգամավոր, ապա պետք է հեռացվի նաև սադրիչը` պարոն Բաբաջանյանը. Արման Աբովյան (տեսանյութ)

12:47 • 21.01.20

Արդեն որերորդ անգամ պարոն Բաբաջանյանը սադրում է, սադրում է ուղիղ, սադրում է անուղիղ: Այս մասին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին:

«Ես, ճիշտն ասած, չհասկացա, թե ինչը բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ այստեղ մենք տեսանք մեկ դերասանի թատրոն»,-ասաց նա և կոչ արեց Գևորգ Պետրոսյանի ելույթը նորից ընթերցել:

«Հասկանում եմ` ինչի համար է նա սադրում, որ լրատվամիջոցում, որը պարոն Բաբաջանյանի հովանավորության տակ է, հայտնվի մի գրառում` ««Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը»: Ոչ, ևս մեկ անգամ ոչ, չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչը գոյություն չունի: ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքները, և այս օրենքը ոտնահարում է քաղաքացու իրավունքները»,-ասաց նա և  կոչ արեց բոլորին հանգստանալ:

Դիմելով ԱԺ նախագահությանը՝ Արման Աբովյանն ասաց. «Եթե կարգապահական պատճառով «Բարգավաճ Հայաստանի» չորս պատգամավոր է հեռացվում, ապա, ես կարծում եմ, որ պետք է հեռացվի նաև սադրիչը` պարոն Բաբաջանյանը»:

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո վեճ սկսվեց: Պատգամավորն իր ելույթում նշեց, որ հույս ունի, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար: «ԱԺ նախագահին կոչ եմ անում, որ անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»,-ասաց նա, իսկ դահլիճի ծափեր հնչեցին: Դահլիճից նաև այլ մեկնաբանություններ հնչեցին, որոնց ի պատասխան՝ Արման Բաբաջանյանը նշեց.«… լռեք երբ ես խոսում եմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցնում էր իր տեղը, այդ ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները  Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին:

Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «բիսեդկում լռվի»։

Սակայն պատգամավորները չէին հանգստանում և շարունակում էին վեճը:

Միայն մի քանի անգամ սաստելուց հետո պատգամավորների մի մասը զբաղեցրեց իր տեղը, իսկ մի քանի պատգամավորներ լքեցին դահլիճը:

Հայտնենք նաև, որ Ազգային ժողովում պատգամավորների միջև ծագած վեճից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց որոշ պատգամավորների նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցի մասին: