Փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու փաթեթն ամբողջական չի եղել, այն վերադարձվել է հեղինակներին, որ շտկվի. ԱԺ նախագահի օգնական

17:34 • 31.01.20

Փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու փաթեթն ամբողջական չի եղել, այն վերադարձվել է հեղինակներին, որ շտկվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը:

Արտահերթ նիստ անցկացնելու փաթեթի հեղինակները եղել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ կայքում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ փետրվարի 6-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի: Ըստ այդ տեղեկության՝արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերի շուրջ էր՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»   և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելը:

Tert.am-ի հարցին՝ ինչո՞ւ է ԱԺ կայքում տեղեկություն հրապարակվել, որ նիստ է գումարվելու, եթե փաթեթը շտկման կարիք ուներ, Վահան Կոստանյանն ասաց. «Այդ մասով օրվա վերջում ինֆորմացիան կլինի, ԱԺ նախագահի որոշում էլ կլինի, որը կհրապարակվի կայքում»:

Ճշտող հարցին՝ փետրվարի 6-ին արտահերթ նիստ գումարվելո՞ւ է, նա պատասխանեց, որ  այս պահին ուղարկված է փաթեթը, որ շտկվի, եթե փաթեթն ամբողջական կլինի, արդեն արտահերթ նիստի հարցը կքննարկվի:

Նշենք, որ մի շարք իրավաբաններ իրենց մտահոգությունն էին հայտնել ԱԺ կայքում արտահերթ նիստի վերաբերյալ ինֆորմացիայի հրապարակման վերաբերյալ: Իրավապաշտպան Արսեն Բաբայանի կարծիքով՝ իշխանությունն ի զորու չէ անգամ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ամենասովորական կանոնները պահպանել: «Ճգնաժամը սա է. իշխանությունն այնքան է շտապում ՍԴ կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ նույնիսկ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Սահմանադրագետ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը՝ կապված Սահմանադրության փոփոխությունների համատեքստում Հանրապետության նախագահի և Սահմանադրական դատարանի լիազորությունների սահմանափակման հետ, հիմնազուրկ է, այն լրջագույն աղերսներ ունի Սահմանադրության հետ։ «Հիմնավորման մեջ, առնվազն համարժեք չեն ընկալվել և մեկնաբանվել Սահմանադրության հիմնադրույթները, առկա է ակնհայտ շփոթ»,- գրել է նա։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս անդրադարձել է փետրվարի 6-ին նախատեսվող ԱԺ արտահերթ նիստի օրակարգին: Նա մասնավորապես նշել է, որ նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով:

Փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու փաթեթն ամբողջական չի եղել, այն վերադարձվել է հեղինակներին, որ շտկվի. ԱԺ նախագահի օգնական