Ստալինգրադի ճակատամարտում միմյանց կորցրած քույրերը հանդիպել են 78 տարի անց
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայացել է երկու քույրերի հանդիպումը, որոնք միմյանց կորցրել էին մանուկ հասակում` 1942 թվականի Ստալինգրադի ճակատամարտում: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Երկար տարիներ նրանք փորձել են գտնել միմյանց, սակայն մինչ այժմ դա նրանց չէր հաջողվում և իրար գտնելու հույսը քույրերը կորցրել էին, սակայն այդ ժամանակ փնտրման գործին միացել է քույրերից մեկի դուստրը, որը դիմել է ոստիկանություն` խնդրելով գտնել շուրջ 80 տարի առաջ կորած մորաքրոջը:
Տարիքի հետ կապված թոշակառու կինը շփոթել է քրոջ ծննդյան տարեթիվն ու անունը` աղջկան պատմելով 1927 թվականին ծնված Ռոզա անունով քրոջ մասին: Այդուհանդերձ, ոստիկաններին հաջողվել է գտնել նմանատիպ պատմություն, սակայն փնտրվող կնոջ անունը եղել է Ռոզալինդա, և նա մեկ տարով մեծ է եղել այն քրոջից, որը փնտրում էր նրան:
Իրավապահ մարմինները կապ են հաստատել երկուսի հետ էլ: Այն, որ նրանք քույրեր են, հաստատվել է: Երկարատև բաժանումից հետո սպասված հանդիպումը տեղի է ունեցել Չելյաբինսկում: Կանանց են միացել նրանց երեխաներն ու թոռները:









