ՊՆ պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական դիրքը, չեղարկել են ռազմամթերք ձեռք բերելու մրցույթը, այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, դիմել ենք իրավապահներին. «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ի հայաստանյան ներկայացուցիչ

18:35 • 13.02.20

Մյուս շաբաթ, որ Հանրայինին դատի կտանք սուտ տեղեկություն տարածելու համար, Հանրայինը շատ ուրախ կլինի իր Ղազարյան Պետրոսով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Օրսիս» և «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ «Օրսիս» ընկերության վերաբերյալ փետրվարի 11-ին հեռարձակված ռեպորտաժին:

Սիրունյանը, խնդիրը մանրամասնելով, նշեց, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր հեռադիտման սարքեր գնելու մրցույթ: «Մրցույթին մասնակցել և հաղթել է ռուսական «Օրսիս» ընկերությունը,  որը միակն է ԱՊՀ-ում, որ նման սարքեր է արտադրում: Մրցույթի ավարտից հետո ՀՀ ՊՆ-ն հայտարարել է այն չկայացած՝ պատճառաբանելով, որ «Օրսիսը» չի ներկայացրել այն փաստաթղթերը, որոնցով հիմնավորվում է,որ ընկերությունը նախկինում ևս նման մատակարարումներ է կատարել»,- ասաց նա:

Ըստ Սիրունյանի սա աբսուրդ է: «Ընկերությունը հենց դրանց արտադրողն է: Արդեն աբսուրդ է, ասում են՝ դու արտադրողն ես, ասում ենք՝ այո, ԱՊՀ-ում միա՞կն ես, ասում ենք՝ այո, ասում են կհիմնավորե՞ս, որ էլի ես արել: Մենք բերել ենք բոլոր թղթերը: Ընդ որում՝ քանի որ սրանք այլ պետությունների գաղտնիքներ են, զուտ ռուսական կողմի միջամտություններով այլ պետություններից կարողացել ենք էդ փաստաթղթերը խնդրելով, բանակցելով ձեռք բերել, որ մեր ՊՆ-ին ցույց տանք, որ մեր խելոքները համոզվեն, որ իրոք մատակարարումներ է արվել»,- տեղեկացրեց նա:

Սիրունյանն ընդգծեց իրենք մրցույթի չեղարկելը բողոքարկել են իրավապահ մարմիններին:

«Հիմա Հանրայինով հեքիաթներ են պատմում: Լավ են անում, որ պատմում են, մեր ուզածն այն է, որ դատարանում մարդը պատժվի: Ասում են որսորդական զինամթերք: Դա ի՞նչ աբսուրդ է, էն աստիճանի աբսուրդ է, որ մեկնաբանելու կարիք էլ չկա: 3-4 տարի է՝ այդ հեռադիտման սարքերը արդեն իսկ մեր ԶՈւ-երում կան ու էլի «Օրսիսն» է մատակարարել»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ երկո՞ւ հայց են ներկայացնելու, մեկը ՊՆ դեմ, մյուսը՝ Հանրային ՀԸ-ի, Սիրունյանը պատասխանեց. «Իրենք հույս ունեին, թե մենք գնալու ենք հայցային ճանապարհով և իրենց հետ դատվենք 4 տարի: Մենք գտնում ենք, որ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, չեղարկել են մի մրցույթ, որը ուղղված էր ռազմամթերք ձեռք բերելուն: Դրանում մենք տեսնում ենք կոռուպցիոն ռիսկ, դրա համար դիմել ենք ոչ թե դատարան, այլ՝ իրավապահ մարմիններին, որի հիմքով էլ քրեական գործ է հարուցվել»:

Ինչ վերաբերում է Հանրայինի ռեպորտաժին, թե «Օրսիսը» որսորդական ռազմամթերք է մատակարարել, Սիրունյանը նշեց, որ ոչ Հանրայինն է լավատեղյակ, ոչ էլ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նա է այդ տեղեկատվությունը միջնորդավորված տրամադրել Հանրայինին,  չստուգված տեղեկատվություն չի կարելի հրապարակել, որ վաղը դատարանում Արծրուն Հովհաննիսյանը չասի՝ ես զինվորական չեմ, լրագրող եմ, մյուսն էլ չասի՝ ես Պետոն եմ Ղազարյան:  Թող զգույշ լինեն, որովհետև մենք եկող շաբաթ երկուսի դեմ հայց կներկայացնենք, իրենք պետք է ներողություն խնդրեն աշխարհում երկրորդ ռազմամթերք արտադրող «Օրսիս»-ից նման անզգույշ բան անելու համար»,- ասաց նա:

Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ-ում քրեական գործ է հարուցվել Ռուսաստանից զենքի գնման մրցույթի տապալման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով։

 

ՊՆ պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական դիրքը, չեղարկել են ռազմամթերք ձեռք բերելու մրցույթը, այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, դիմել ենք իրավապահներին. «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ի հայաստանյան ներկայացուցիչ