Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ Յ․ Խաչատուրովի, Ա․ Գևորգյանի և Ս․ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու (տեսանյութ)
13:52
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատարանը քննում է Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունները։
Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդության վերաբերյալ մեղադրող կողմը ներկայացրել է իր առարկությունները։
Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
13:04
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է առաջիկա նիստերից մեկի ժամանակ ներկայացնել վարչապետների միջնորդությունը։ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։










