Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կոչ են արել կորոնավիրուսից պաշտպանվելու համար հույսը չդնել թալիսմանների և աղոթքների վրա

13:46 • 29.02.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կոչ են արել կորոնավիրուսից պաշտպանության համար հույսը չդնել թալիսմանների և աղոթքների վրա: Այս մասին РИА Новости գործակալությանն ասել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը:

«Դա ապացուցված չէ փաստերով»,- հայտարարել է Յազարևիչն ի պատասխան այն հարցի, թե արդյոք թալիսմաններն ու աղոթքները կարող են պաշտպանել կամ բուժել մարդուն նոր տեսակի կորոնավիրուսից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրությունների համաձայն` վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցը հիգիենային հետևելն է, մասնավորապես` հաճախակի ձեռքերը լվանալն ու այն վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով: Մրսածության և փռշտալու ժամանակ պետք է փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ: Հնարավորին չափ պետք է խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, ինչպես նաև մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն: Ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն:

Փետրվարի 28-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 83 հազարը։ Այն տարածվել է մոլորակի ավելի քան 60 երկրում:

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 79 251-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կոչ են արել կորոնավիրուսից պաշտպանվելու համար հույսը չդնել թալիսմանների և աղոթքների վրա