Վրացական ընկերությունը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները․ մեզ հասնում են ոչ մեր գնած ավտոմեքենաները․ ավտոներկրողները բողոքի ակցիա արեցին ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)

11:05 • 03.03.20

11:32

Բողոքի ակցիայի մասնակից ավտոներկրող Էրիկ Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց այն երեք խնդիրները, որոնց լուծման պահանջով էլ իրականացնում են ակցիան: Նրա խոսքով՝ խնդիրը ոչ միայն մասնակիցներինն է, այլև՝ պետությանը:

«Առաջին խնդիրն այն է, որ մենք աշխատել ենք վրացական ընկերության հետ, որի հետ ունենք պայմանավորվածություն, ըստ որի՝ եթե մենք մեքենան գնում ենք, տեղափոխում ենք Երևան, այն վնասվելու դեպքում՝ ընկերությունը պարտավոր է փոխհատուցել մեքենայի վնասի գումարը: Միշտ այդպես է եղել, բայց վերջին ժամանակներում, երբ արդեն մեքենաների հոսքը քչացել է՝ մաքսազերծման հետ կապված փոփոխություններով պայմանավորված, ընկերությունը հրաժարվել է վճարել մեր գումարները»,-ներկայացրեց ավտոներկրողը:

Երկրորդ խնդիրը, ըստ ավտոներկրողի, այն է, որ «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը նաև ավելի տուգանքներ է տվել, որոնք պայմանագրով ևս նախատեսված չեն եղել:

Երրորդ խնդիրը՝ ըստ ակցիայի մասնակիցների, այն է, որ վրացական ընկերությունը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները: «Մեզ հասնում են ոչ մեր գնած ավտոմեքենաները»,-նշեց նա:

Էրիկ Հայրապետյանի խոսքով՝ ընկերությունը տեղեկացել է բողոքի ակցիաների մասին, և սկսել է զանգել տարբեր մասնակիցների ու նշել, թե պատրաստ է տրամադրել փոխհատուցումները, բայց ակցիայի մասնակիցները հրաժարվում են Վրաստան գնալ: «Մինչ այսօր մեր խնդիրների համար Վրաստան չենք գնացել, որովհետև դրանք լուծվել են տեղում»,-նշեց ակցիայի մասնակիցը:

Ակցիան շարունակվում է:

 

11:05

ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց ավտոներկրողները բողոքի ակցիա են անում: Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի՝ մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասները պետք է ամբողջությամբ փոխհատուցի:

Ընկերությունը ունի նաև ավելի քան 40 ներկայացուցիչ Հայաստանում:
Սակայն 2019 թ. օգոստոսից սկսած՝ ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենայի պատճառված վնասները: Խոսքը մոտավորապես 700 հազար ԱՄՆ դոլարի մասին է: