ԳԱԱ-ում անորոշ վիճակ է, գիտնականներին առաջարկել են քվեարկել ինստիտուտների՝ ակադեմիայի կազմում մնալուն դեմ կամ կողմ

22:54 • 04.03.20

Երեկ գիտությունների ազգային ակադեմիայում քննարկում և քվեարկություն է եղել, թե արդյոք գիտնականները համաձա՞յն են, որ ակադեմիական ինստիտուտները մնան ակադեմիայի կազմում, թե ոչ:  Tert.am-ը հարցի շուրջ զրուցել է ՀՀ ԳԱԱ պատմությաան ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

Աշոտ Մելքոնյանը նշեց, քննարկում է տեղի ունեցել այն մասին, թե արդյոք ակադեմիականներն ուզում են, որպեսզի ինստիտուտները մնան այդ կազմում, թե ոչ, որովհետև հիմա շրջանառվող նախագծով չի նշվում, թե ակադեմիան որպես մեկ միասնական կառույց իր ինստիտուտներով մնո՞ւմ է, թե՞ ոչ:

«Ճնշող մեծամասնությունը, գոնե մեր հայագիտության բաժանմունքի բոլոր ինստիտուտները  քվեարկել են հօգուտ մեկ միասնական կառույցի մեջ մնալուն: Եվ միայն արևելագիտության ինստիտուտում են քվեարկությունը հետաձգել: Այնտեղ հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ պետք է նման քվեարկություն անեն, որովհետև նախագծի շրջանառվելուց հետո անընդհատ խոսվում էր այն մասին, որ ակադեմիական ինստիտուտները դժգոհ են նախագահությունից և ուզում են դրանից զատ առանձին հետազոտական ինստիտուտներ լինեն, այսինքն՝ ակադեմիայի կազմից դուրս»,- ասաց նա և միևնույն ժամանակ ընդգծեց, որ դա ավելի շատ թյուր տեսակետ է:

Մելքոնյանն իր խոսքում հավելեց, որ նախագահությունը այն խողովակն է, որը գիտության պետական կոմիտեից գումարներ է ստանում և փոխանցում ինստիտուտներին, միջգիտակարգային համագործակցությունն է ապահովում:

Դիտարկմանը՝ փաստորեն իրենց ինստիտուտը կողմ է քվեարկել, որ ակադեմիան մնա այն կարգավիճակով, ինչպես որ կա և ոչինչ չփոխվի, նա պարզաբանեց. «Ոչ թե կողմ ենք քվեարկել, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, այլ որ ակադեմիական մեկ ընդհանուր համակարգը պահպանվի՝ բնականաբար, լուրջ բարեփոխումներ անելու պայմանով»:

Դիտարկմանը, որ արևելագիտության ինստիտուտը, փաստորեն, չի քվեարկել, քանի որ նրանց համար անորոշ է եղել, թե ինչի համար են քվեարկում, իսկ պատմության ինստիտուտի համար պարզ է եղել, թե ինչի համար են քվեարկել, նա ասաց. «Մենք գիտենք, որ եթե մենք մնացինք ակադեմիական համակարգում, մեզ համար դա ավելի շահավետ է, քան թե մեզ կտրեն, տանեն Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, կամ միացնեն գիտության պետական կոմիտեին կամ մեկ այլ կառույցի մեջ մտցնեն: Տարիների փորձը ցույց է տվել, որ ակադեմիական այս համակարգն իրեն արդարացրել է հիմնականում, այլ հարց է, որ պետք է բարեփոխումներ արվեն»:

Ինչ վերաբերում է նրան, որ նոր բարձրագույն կրթության մասին օրինագծով կարծես թե նախատեսված է, որ ակադեմիան պետք է միանա ԵՊՀ-ին, նա ասաց, որ նախագծում հստակ նշված չէ: «Բայց ենթադրվում է, որ նման բան պիտի արվի: Այդ նոր օրենքը երկու հզոր ոլորտները՝ կրթություն և գիտություն մեկ օրենքի նախագծով ներկայացնելու իրողություն է պարունակում, սա արդեն հուշում է, որ պետք է լինի օպտիմալացում»,- ասաց նա և նշեց Վրաստանի օրինակը, որտեղ նման բան արվել է, սակայն չի հաջողվել և գիտության ոլորտներն այդտեղ մեծապես տուժել են:

«Նման բան տարիներ առաջ արվեց Վրաստանում և Ղազախստանում, որի պատճառով նրանց մոտ գիտության գրեթե բոլոր ոլորտները մեծապես տուժեցին, և հիմա, օրինակ, Վրաստանում գնում է քննարկում՝ նորից հզոր գիտահետազոտական կենտրոններ ստեղծելու, վերաստեղծելու համար»,- ասաց Մելքոնյանը:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ անկախ իրենց քվեարկության արդյունքից, կանեն այն, ինչ իրենք են ուզում, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց. «Եթե պետք է իմպերատիվ ձևով՝ վարչական եղանակով դա արվի, սա մի բան է, բայց եթե պետք է գիտնականների խոսքը լսեն՝ մենք համոզված ենք՝ այդ տարբերակն անընդունելի է: Օրինակ՝ ոչ մի խոսք այդ նախագծում չկա ֆինանսական լուրջ ներդրումների մասին: Եթե գիտաշխատողը ստանում է միջինում 60-100 հազար դրամ աշխատավարձ և շարունակում է հերոսաբար նորից շարունակականության խորհուրդը պահելով աշխատել ԳԱԱ-ում՝ գիտության տվյալ ուղղությունը գոնե պահպանելու, հնարավորության սահմաններում զարգացնելու նպատակով, դրա մասին ոչինչ չի խոսվում, փոխարենը խոսվում է գիտությունը դեպի բուհեր տանելու անհրաժեշտության մասին»:

Մելքոնյանն ընդգծեց, որ շատ են խոսում ամերիկյան մոդել ստեղծելու մասին, բայց իր կարծիքով դա արդարացված չէ, որովհետև ամերիկյան մոդելը միանգամայն այլ է: «Այնտեղ ֆինանսական ահռելի միջոցներ ունի յուրաքանչյուր համալսարան, և յուրաքանչյուր գիտաշխատողի դասավանդման ժամաքանակը խիստ սահմանափակ է: 5-6 անգամ ավելի քիչ են դասավանդում տարվա ընթացքում, քան մեզ մոտ՝ բուհերում, դրա համար նրանք գիտությամբ զբաղվելու հնարավորություն ունեն, այսինքն այն, ինչ մենք ենք անում: Գիտաշխատողներս համատեղում ենք դա, շաբաթական մեկ-երկու մուտքով մեր գիտելիքը հասցնում ենք բուհերին, այնպես որ այդ համագործակցությունն այսպես, թե այնպես կա: Ակադեմիան շատ նուրբ օրգան է, և զգույշ պետք է լինել ակադեմիայի բարեփոխումների հարցում, չվնասել այն»,- շեշտեց նա:

Հարցին՝ եթե այդուհանդերձ գիտնականների ձայնը չլսվի, իրենց ձայնն այլ մեթոդներով տեղ հասցնել պատրա՞ստ են, նա արձագանքեց. «Ովքեր, որ պատրաստ չեն, դա իրենց խնդիրն է, իսկ ովքեր, որ պայքարելու կամք ունեն և իրենց շահերը պաշտպանելու պատրաստակամություն,  սա միանգամայն այլ բան է: Ես կարծում եմ՝ գիտնականների ճնշող մեծամասնությունը հանդես կգա իր շահերը պաշտպանելու օգտին»:

Խնդրի շուրջ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ իրենց ինստիտուտում շատ գիտնականներ ելույթ ունեցան ու ասացին՝ չեն հասկանում, թե ինչ է նշանակում սա, ինչի համար իրենք պետք է քվեարկեն: «Նրանք ասում էին՝  չենք հասկանում, մեզ ոչ ոք ոչ մի բան չի բացատրել, դրա համար որոշեցինք հետաձգել քվեարկությունը՝ ավելի պարզաբանումներ ստանալու համար»,- ասաց նա:

Իսկ թե որն է իր դիրքորոշումը՝ որպես երկար տարիների արևելագիտության ինստիտուտի նախագահի, նա ասաց, որ իր դիրքորոշումն այն է, որ ակադեմիան կարևոր գիտական օջախ է և պետք է այն պահել: «Իհարկե, փոփոխություններ անհրաժեշտ են, բայց որ ինստիտուտները միանան համալսարանական ֆակուլտետներին, ես դրան դեմ եմ»,- ասաց նա:

Հարցին՝ եթե բերեն նման օրինագիծ, պատրա՞ստ են պայքարել դրա դեմ, Սաֆրաստյանը նշեց, որ դա քաղաքականություն չէ:

Դիտարկմանը՝ խոսքը քաղաքական պայքարի մասին չէ, որպես գիտնական իր կարծիքի հետևից չի՞ գնալու, նա ընդգծեց. «Մենք ունենք օրենքի նախագիծ, որտեղ ակադեմիային երկու կետ է վերաբերում, ուրիշ բան չկա, մնացածը խոսակցություններ են: Ամեն մեկը մի բան ասում է, դրա համար մեր աշխատակիցները չեն հասկանում՝ ինչ է սա նշանակում, չի բացատրվել , դա է ամբողջ խնդիրը: Մենք ուզում ենք, որ և՛ ակադեմիայի նախագահությունը, և՛ նախարարությունը հանդիպեն, պարզաբանումներ տան: Մենք որոշել ենք, մինչև հարցերը չպարզաբանվեն, չենք քվեարկելու, հարցերը կպարզաբանվեն, նոր կտեսնենք»:

ԳԱԱ-ում անորոշ վիճակ է, գիտնականներին առաջարկել են քվեարկել ինստիտուտների՝ ակադեմիայի կազմում մնալուն դեմ կամ կողմ