Թեյլոր Սվիֆթը 1 մլն դոլար է նվիրաբերել Թենեսիում տեղի ունեցած պտտահողմից տուժած շրջաններին (լուսանկար, տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն ԱՄՆ հարավային մասում գտնվող Թենեսի նահանգում անցած օրերին տեղի ունեցած պտտահողմի հետևանքով ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով 1 միլիոն դոլար է նվիրաբերել, հայտնում է Daily Mail պարբերականը:
30-ամյա երգչուհին տարերային աղետն «ավերիչ» է որակել և կոչ է արել իր 127 միլիոն հետևորդներին միանալ նվիրատվությանը:
«Նեշվիլն իմ տունն է, այն փաստը, որ այդքան մարդ կորցրել է իր տունը և Թենեսիում տեղի ունեցածն ինձ շատ են վրդովեցնում»,- Instagram սոցկայքի story բաժնում գրել է երգչուհին` կից հրապարակելով հղումը, որով հնարավոր կլինի նվիրատվություն անել:
Թեյլոր Սվիֆթը ծնվել է Փենսիլվանիա նահանգում, իսկ Նեշվիլի արվարձաններից մեկը տեղափոխվել է 14 տարեկանում: Սա երգչուհու` Նեշվիլ քաղաքին ուղարկած առաջին նվիրատվությունը չէ. նշվում է, որ աստղը դեռևս 2010 թվականին 500 000 դոլար էր նվիրաբերել քաղաքի` ջրհեղեղից տուժած շրջաններին:
Թենեսի նահանգում պտտահողմի հետևանքով մահացել է 24 մարդ, լրջորեն տուժել է 88 մարդ: Պտտահողմին հաջորդել է Նեշվիլի արևելյան հատվածով անցած փոթորիկը, որը ևս 5 հոգու մահվան պատճառ է դարձել:
Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքից հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը, ինչպես նաև երգչուհի Դոլլի Փարթոնը նույնպես միացել են օգնությանը:












