Եթե վարչապետը, պատկան մարմինները չարձագանքեն` շարունակական բողոքի ակցիաներ ենք իրականացնելու, դիմելու ենք այլ քայլերի. ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայր

16:42 • 08.03.20

Եթե երկուշաբթի օրը պատկան մարմինները և անձամբ վարչապետը չարձագանքեն մեր բարձրացրած խնդիրներին՝ իրականացնելու ենք շարունակական ակցիաներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:

«Ակցիաներից բացի կդիմենք նաև այլ քայլերի: Դեպքին ներկա փոխգնդապետները մինչև վերջ իրենց խոսքի տերն են, շարունակում են պնդել, որ նախկին մարզպետը դեպքի մասնակից է եղել: Բայց պարզվում է՝ պետական համակարգում սպայի խոսքը չի անցնում, ով բարձր հովանավոր ունի, նրա խոսքն է անցնում: Առաջին հերթին հենց նախկին մարզպետը պետք է պատասխան տա»,-ասաց նա:

Կարեն Մխիթարյանի խոսքով՝ իրենք վստահ են, որ տարածքի տեսախցիկը տեղադրվել է դեպքից հետո, և անհասկանալի է քննչական մարմինն ինչ տեսանյութ է ուսումնասիրել, որում «իբր» երևում է, թե նախկին մարզպետը դեպքի վայրում չի եղել:

«Բացի դրանից, տեսախցիկ հետագայում տեղադրելու վերաբերյալ, աշխատակից էր գրառում առել, գրառումը հիմա չկա, ջնջել են: Զբաղված են գործը կոծկելով»,-ասաց նա:

Կարեն Մխիթարյանի խոսքով՝ եթե ճիշտ է այն ինչ Քննչական կոմիտեն է առաջ քաշում, և նախկին մարզպետը դեպքի վայրում չի եղել, ապա Տրդատ Սարգսյանը պետք է գոնե մեկ անգամ կոմայի մեջ գտնվող եղբորը տեսակցած լիներ:

«Եթե մաքուր է, թող գա, նայի մեր աչքերի մեջ ասի, մաքուր մարդը չի վախենում ոչ մի բանից: Բայց սպաները սխալ ցուցմունք չէի՞ն տա»,-ասաց նա:

Կարեն Մխիթարյանի դիտարկմամբ՝ անելու են ամեն ինչ, որպեսզի ճշմարտությունը ներկայացվի հասարակությանը և մեղավորները պատասխանատվություն կրեն, ոչ թե պատասխանատուների շարքը համալրելու փոխարեն, որևէ մեկի խափանման միջոց փոխեն:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել 2019թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում: Գործով կալանավորվել էր մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, ավելի ուշ մեղադրանք էր առաջադրվել նաև նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Զավեն Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել էր 1.5 մլն դրամի գրավի դիմաց: