ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ԱՆ նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանի գործը ուղարկվել է դատարան

19:43 • 09.03.20

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ՝ ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը ՀՀ դատախազությունը հաստատել և գործն ուղարկել է դատարան:

ՀՀ դատախազությունից Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեցին: Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՔԾ-ից հաստատել էին, որ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ դատախազություն։

Հիշեցնենք, ՀՔԾ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը: Ըստ ՀՔԾ տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, Նորայր Փանոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ եղած ժամանակահատվածում և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ։