Պետք չէ լուրջ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի խոսքերին. Վարդան Բոստանջյանը՝ սահմանները փակ լինելու պարագայում երկրի տնտեսական վիճակը լավանալու՝ վարչապետի հայտարարության մասին
Սահմանները փակվում են, շրջանառության ծավալները էականորեն պակասում են և այս պարագայում մեր տնտեսական վիճակը պետք է ավելի լավանա՞: Պետք չէ լուրջ վերաբերել Նիկոլ Փաշինյանի խոսքերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար կբացի նաև հնարավորություններ:
«Այդ հայտարարությունը վարչապետի սկսած գործի շարունակությունն է, որ բոլոր ծիծաղելի, անտրամաբանական բաների մեջ նա հաջողություն է փնտրում: Սա շատ նման նախորդ հայտարարություններին, որ ամեն ինչն այս երկու տարվա ընթացքում Հայաստանում աննախադեպ է, մենք ՀՆԱ ցուցանիշով անցնում ենք բոլորից և այլն: Ամբողջ աշխարհն այժմ գտնվում է շատ դժվար իրավիճակում, անորոշության մեջ, փնտրվում են ելքեր այս իրավիճակից դուրս գալու և մենք խոսում ենք, որ դրանից կարող ենք օգուտներ քաղել: Ի՞նչ ասել, այսքանից հետո»,- նշեց Վարդան Բոստանջյանը:
Իրանի հետ Հայաստանի սահմանն ամբողջովին փակ է, իսկ նախօրեին էլ հայտարարվեց Վրաստանի հետ սահմանը փակելու մասին, բացառությամբ բեռնատարների: Տնտեսագետն այս գործողությունները տրամաբանական է համարում, սակայն ըստ նրա՝ անտրամաբանական է նոր տնտեսական հնարավորությունների մասին հայտարարությունը:
«Սահմանները փակելը պետք է լիներ, որովհետև մեծ վտանգ է ամբողջ աշխարհի երկրների մասշտաբով: Որքան էլ ցավալի է, մենք պետք է այդ միջոցառումները պետք է ձեռնարկենք այլընտրանք չունենք: Բայց որ նման միջոցառումներ արվում են, պարզ է, որ տնտեսական գործունեությունը, շրջանառության ծավալները էականորեն պակասում են: Եթե պակասում են, առանց այդ էլ մենք մի արտակարգ վիճակում չէինք, այս պարագայում ավելի պետք է լավանա՞ մեր վիճակը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը Հայաստանի տնտեսության համար ոչ միայն խնդիրներ կառաջացնի, այլև կբացի նոր հնարավորություններ, քանի որ համաշխարհային շուկայում վերադասավորումներ են տեղի ունենում:
«Մենք ուզում ենք, թե չենք ուզում, դժվարություններ կան: Ոչ միայն կան դժվարություններ, այլև դրա հետ միասին կան նաև անորոշություններ: Իսկ անորոշությունների պարագայում մեզանից որևէ մեկը չի կարող այդպես կանխավ համարձակ խոսքեր ասել՝ լավ կլինի կամ վատ կլինի: Պետք է աշխատենք, որ լավ լինի, ոչ թե հայտարարենք»,- ասաց տնտեսագետը:
Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում պետք է դադարեցնել նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը. «Այս բազմաթիվ դժվարությունների պարագայում մենք պայքարում ենք, որ գոյություն չունեցող, հակաիրավական, հակասահմանադրական հանրաքվեում ասվի «Այո»: Այդ հանրաքվեն պետք է գոյություն չունենա, իրեն հարգող, հասկացող մարդը երբևէ չի մասնակցի այդ պրոցեսին»,- նշեց նա:










