Հայաստանը ձեռք է բերելու 15 րոպեում կորոնավիրուսը բացահայտող թեստեր. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

21:03 • 15.03.20

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու Ռապիդ թեստեր, որոնք հնարավորություն կտան 15 րոպեի ընթացքում ախտորոշել կորոնավիրուսը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Նախ նշեմ, որ օրվա ընթացքում շարունակական կապի մեջ եմ եղել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Կարող եմ վստահեցնել, որ հիմնական մարդաշատ միջոցառումները՝ հարսանիքներ, նշանդրեքներ, կնունքներ, չեղարկվել են: Այս առումով վարչապետը հանդես կգա կարևոր հայտարարությամբ և որոշակի լուրեր կարող եք ակնկալել: 

Ուզում եմ տեղեկացնել, որ Առողջապահության նախարարությունը շուտով ձեռք է բերելու Ռապիդ թեստեր, որոնք հնարավորություն կտան 15 րոպեի ընթացքում նախնական հաստատել և հերքել կորոնավիրուսի առկայությունը մարդկանց մոտ։ Այս թեստորը կիրականացվեն անցակետերում, «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասաց նա:

Փոխվարչապետ Ավինյանը հավելեց, որ մարտի 14-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վերաբերել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին։ Նա պարզաբանեց, որ հատկապես ծառայությունների ոլորտում էական ազդեցություն է ունեցել կորոնավիրուսի տարածումը։ «Մենք շատ կարճ ժամկետում կունենանք ծրագիր, որի շրջանակում փորձ կարվի մեղմել և կանխարգելել բացասական երևույթները»,- ընդգծեց նա։

Ավինյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Սա վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը, և ըստ ՀՀ փոխվարչապետի, այդ ցանկը կավելանա։ Նրա խոսքով՝ հեռահար աշխատանքի կազմակերպումը հնարավոր է իրականացնել նաև մասնավոր ոլորտում։

Տիգրան Ավինյանը խոսեց նաև թվային ծառայությունների կիրառման կարևորության մասին՝ հայտնելով, որ 2 տարում Հայաստանի պետական հատվածում կիրառվելու է մոտ 200 թվային ծառայություն։

Անդրադառնալով մարտի 15-ին հատուկ չվերթով Իտալիայից ՀՀ քաղաքացիների վերադարձին, փոխվարչապետը տեղեկացրեց, որ նրանց հենց Իտալիայում բաժանվելու են դիմակներ, և նրանք Հայաստանում լինելու են 14-օրյա կարանտինի մեջ։ Նա ընդգծեց, որ Իտալիայից բոլոր վերադարձողները, անկախ չվերթից, պետք է ենթարկվեն կարանտինի։

«Մեր գրասենյակը, արտաքին գործերի նախարարությունը և առողջապահության նախարարությունը 24-ամյա ռեժիմով շարունակում են աշխատել»,- շեշտեց Ավինյանը՝  հավելելով, որ կասկած չպետք է ունենալ առ այն, որ «բոլոր, նույնիսկ ամենավատ սցենարների դեպքում ունենք ելքի ճանապարհները»։


Մանրամասները՝ տեսանյութում: