Տաշքենդի դատարանն ավելի քան 13 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահի դստերը

14:47 • 18.03.20

Տաշքենդի քրեական գործերով քաղաքային դատարանը նոր քրեական գործի շրջանակում երկրի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր՝ Գուլնարա Քարիմովայի ազատազրկման ժամկետը երկարացրել է մինչև 13 տարի և չորս ամիս: Այս մասին հայտնել է Գերագույն դատարանի մամուլի ծառայությունը, գրում է Straits Times-ը։

Քարիմովան 2015թ. օգոստոսին դատապարտվել էր շորթման և հարկերի վճարումից խուսափելու համար, իսկ 2017թ. դեկտեմբերի 18-ին ևս մեկ գործի շրջանակում նրան 10 տարվա ազատազրկում էր նշանակվել։

Ներկայում Քարիմովայի նկատմամբ ևս մի քանի քրեական գործ է հարուցվել, այդ թվում՝ պետության  միջոցնեերի յուրացման և վնաս հասցնելու համար։

Մամուլի ծառայության տվյալներով՝ մարտի 18-ին Տաշքենդի քրեական գործերով քաղաքային դատարանում ավարտվել է Գուլնարա Քարիմովայի և նրա կողմից կազմակերպված հանցավոր խմբի անդամների դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

«Գ. Քարիմովան դատապարտվել է 13 տարի 4 ամիս ազատազրկման», - ասված է հաղորդագրության մեջ: