Ցածր ուղևորահոսքի պատճառով այսօրվանից դադարեցվում են Երևան-Գյումրի արագընթաց գնացքի և ներմարզային երթուղայինների աշխատանքները. ՏԿԵ փոխնախարար

13:14 • 27.03.20

Ցածր ուղևորահոսքի պատճառով ներմարզային տրանպորտը վեց մարզերում չի գործում: Այսօրվա որոշմամբ պլանավորվում է արգելել ներմարզային ուղևորափոխադրումները: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Ներմարզային երթուղիները գործում են Շիրակի, Լոռիի, Սյունիքի և Կոտայքի մարզերում: Ցածր ուղևորահոսքի պատճառով Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում չեն գործում»,-մանրամասնեց փոխնախարարը՝ ընդգծելով նաև, որ գործող երթուղիների դեպքում ավտոմեքենաները երթից առաջ ախտահանվում են, վարորդները ջերմաչափվում են մինչև երթուղի դուրս գալը, և ջերմության բարձր լինելու դեպքում նրանց արգելվում է աշխատել:

Անդրադառնալով ավիացիայի ոլորտին՝ փոխնախարարը տեղեկացրեց, թե այսօրվա դրությամբ գործում են 4 ռուսական և 1 բելառուսական ավիաընկերություններ:  «Ավիացիայի ոլորտում ուղևորահոսքը բավականին ընկել է. եթե մարտի 8-ի դրությամբ ունեինք օրական 6000 ուղևոր, այսօրվա դրությամբ՝ մոտ 800 ուղևոր է»,-նշեց նա:

Սիմոնյանի խոսքով՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտում բոլոր երթուղիները աշխատում են նույն ռեժիմով՝ բացառությամբ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի. «Այսօրվանից դադարեցվում է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի աշխատանքը՝ ուղևորահոսք չլինելու պատճառով»:

Դիտարկմանը, թե քաղաքացիները դժգոհում են, որ դադարեցվել է մարզերից Երևան եկող երթուղայինների աշխատանքը, սակայն թույլատրվում է թեթև մարդատար ավտոմեքենաների մուտքը, այն էլ միայն երկու անձի դեպքում՝ վարորդը՝ ներառյալ, Սիմոնյանն արձագանքեց, որ սահմանափակումների նպատակն այն է, որ պահպանվի սոցիալական հեռավորությունը, իսկ թեթև մարդատար ավտոմեքենաների դեպքում 2 անձի տեղափոխման պարագայում դա հնարավոր է:

Նա նշեց նաև, որ եթե կան քաղաքացիներ, որոնք մարզերից գալիս են Երևան՝ պարետի կողմից չարգելված ոլորտում կատարվող աշխատանքի համար, սակայն երթուղայինների աշխատանքի դադարեցման պատճառով չեն կարողանում հասնել աշխատանքի, կարող են դիմել նախարարությանը, որպեսզի հարցին համապատասխան լուծում տրվի:

Դիտարկմանը, թե այս պահին գործող տրանսպորտային միջոցներ են մնացել գնացքն ու մետրոն, և արդյո՞ք միջոցառումներ ձեռնարկվում են՝ դրանցում սոցիալական հեռավորության ապահովման համար, փոխնախարարն ասաց, թե համապատասխան ցուցումներ են տրվել երկաթուղուն, որպեսզի վագնոններում 1 մետր և ավելի հեռավորություն պահպանվի ուղևորների միջև, իսկ վերհսկողություն իրականացվում է թե՛ նախարարության, թե՛ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցների կողմից: